Սիրունյանն ասում է` կվախեցնի, Սաթիկը ողջունում է Վանոյի թիկնապահի քայլը
ՀԱԿ նախկին անդամ, Վանո Սիրադեղյանի թիկնազորի նախկին պետ, Սուրեն Սիրունյանը հանուն կանանց փոխում է ընտրատարածքը: Նա առաջադրվել է թիվ 4 ընտրատարածքում, սակայն այժմ մտադիր է առաջադրվելու թիվ 5 ընտրատարածքում:
”Հաշվի առնելով այն, որ թիվ 4 ընտրատարածքում առաջադրվել են երկու կանայք, եւ նկատի ունենալով, որ հիմա կանանց մեկամսյակ է` ես զիջում եմ եւ չեմ պայքարի կանանց հետ”,-հայտարարել է Սիրունյանը: Նա Henaran.am-ի հետ զրույցում հերքեց այն տեղեկությունը, թե հրաժարվելու է ընտրապայքարից, քանի որ իրեն “չսիրող” ուժերը վախեցրել են:
“Նախ այս պահին ճանապարհին եմ, թղթերս եմ տանում թիվ 5 ԸԸՀ, հետո չգիտեմ այդ ուժերը ովքեր են, բայց բոլոր նրանց ասում եմ` “ինձ չսիրող ուժեր, ես կվախեցնեմ ձեզ”: Մինչեւ վերջ ես շարունակելու եմ ընտրապայքարը”,-ասաց Սիրունյանը:
Թիվ 4 ընտրատարածքում առաջադրվել են ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը, ՀՀԿ-ից` Արտակ Սարգսյանը, ինքնառաջադրմամբ` Ալեքսան Մինասյանը, “Ժառանգություն”-ից պատգամավոր Զարուհի Փոստանջյանն ու “168 ժամ”-ի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը: Վերջինս նշեց, որ չի կարծում, որ Սիրունյանը վախեցել է պայքարել այս ընտրատարածքում: “Պարզապես մի քայլ է արել, որ ողջունելի է: Այլ մեկնաբանություն չեմ կարող անել”,-Henaran.am-ին ասաց Ս. Սեյրանյանը:
Զարուհի Փոստանջյանը անհասանելի էր, ու չհաջողվեց նաեւ իմանալ նրա կարծիքը: