Չի կարելի այսօր ասել` երկինքը կապույտ է, վաղը ասել` կարմիր է. Շարմազանով
Այսօր լրագրողները ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովից հետաքրքրվել են, թե արդյոք ԲՀԿ-ին էր ուղղված ՕԵԿ տասնհինգամյակի միջոցառմանը նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, թե քաղաքականության մեջ “Օրինաց երկիր”-ն առաջնորդվել է բարոյական չափանիշներով եւ չի կարելի երկուշաբթի լինել բարոյական, երեքշաբթի` ոչ:
“Դա ուղղված էր բոլոր նրանց, ում համար բարոյական արժեքները կամ վստահությունը քաղաքական կատեգորիա չեն: Չի կարելի այսօր այո ասել, վաղը`ոչ կամ այսօր սատարել, վաղը` չսատարել, այսօր ասել` ամեն ինչ լավ է, վաղը ասել` վատ է, այսօր ասել` մենք պատրաստ ենք բարեփոխումների, վաղը ասել` մենք պատրաստ չենք, այսօր ասել` երկինքը կապույտ է, վաղը ասել` կարմիր է:”:
Միեւնույն ժամանակ Շարմազանովը նշեց, թե չի կարծում, որ նախագահի այդ հայտարարությունն ուղղված էր կոալիցիոն գործընկերներին: Ըստ ՀՀԿ խոսնակի, այն ուղղված էր բոլոր նրանց, ում համար հաստատակամությունը քաղաքական կատեգորիա չէ: Շարմազանովը շեշտեց, որ քաղաքականության մեջ շատ կարեւոր է, երբ քո գործընկերները կանխատեսելի է
Հարցին, թե կոալիցիոն գործընկերներից ով է առավել կանխատեսելի, Շարմազանովը պատասխանեց.” Այն դրական ցուցանիշները, որ կան, խոսում է այն մասին, որ չնայած մանր-մունր խնդիրներին, կոալիցիան նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ աշխատել է արդյունավետ: Չնայած կոալիցիայում կան նորաթուխ գործիչներ, ովքեր դեռ չեն հարմարվում , որ իրենք կոալիցիայի անդամ են, բայց փաստը այն է, որ կոալիցիոն երեք ուժերը արդյունավետ աշխատել են”: