Տղամարդիկ, ջաններդ յուղեք. 180-ից 12-ը` կանայք
Ինչպես արդեն տեղեկացրել է Henaran.am-ը, հանրապետության թվով 41 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրվել է 180 թեկնածու: Նրանցից 12-ը կին են: Ընդ որում, կան ընտրատարածքներ, որտեղ իրար դեմ պայքարելու են գեղեցիկ սեռի երկուական թեկնածուներ:
Այսպես, թիվ 4 ընտրատարածքում 6 թեկնածուից երկուսը կին են` “Ժառանգությունից” Աժ պատգամավոր Զարուհի Փոստանջյանն ու “168 ժամ” օրաթերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը:
Թիվ 12-ում առաջադրվել է 6 թեկնածու. այստեղ էլ “Ժառանգության” ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանի հետ պայքարելու է “Չորրորդ ինքնիշխանություն” թերթի լրագրող Գոհար Վեզիրյանը: Թիվ 40-ում էլ “Ինտերնեյշնլ Մասիս տաբակ” ՍՊԸ բանվորուհի, անկուսակցական Սուսաննա Աբրահամյանը իր ղեկավարի` նույն ընկերության գործադիր տնօրեն Մարինե Մարաբյանի դեմ է դուրս եկել: Մարաբյանը ՀՀԿ-ի առաջադրմամբ է: Այս ընտրատարածքում բացի կանանցից, 2 թեկնածու եւս կան:
Թիվ 11-ում` 5 տղամարդ թեկնածուների հետ ընտրապայքարի մեջ կլինի ՕԵԿ-ից ԱԺ պատգամավոր Հեղինե Բիշարյանը, թիվ 13-ում առաջադրվել է անկուսակցական Վիոլետա Պետրոսյանը, թիվ 17-ում ՀՀԿ-ի առաջադրմամբ Արտաշատի թիվ 1 դպրոցի տնօրեն Կարինե Պողոսյանը, թիվ 32-ում` անկուսակցական Օֆելյա Վահանյանը, թիվ 38-ում Երեւանի գյուղատնտեսական համալսարանի Կապանի ուսկենտրոնի տնօրեն Նարինե Մովսիսյանը, իսկ թիվ 1-ում ինքնառաջադրվել է լրագրող Գայանե Առուստամյանը:
Թե կանանցից ով կդիմանա մինչեւ ընտրապայքարի վերջը` ցույց կտա ժամանակը: