Գալուստ Սահակյանը Վահան Հովհաննիսյանին խորհուրդ տվեց իր ցուցակի “դարդը լացել”
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամին պատասխանեց քիչ առաջ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանի` ՀՀԿ- ի հասցեին հնչեցրած տեսակետին: Մասնավորապես, Վահան Հովհաննիսյանն ասել էր , որ ՀՀԿ մեծամասնական եւ համամասնական ցուցակները ծանր քարերով սայլ են, որոնք տեղից դժվար է շարժել :
“Թող իրենց ցուցակի դարդը լացեն, էնպես չի որ որեւէ ցուցակում սրբեր են նստած: Մեր ցուցակում մարդիկ են նստած եւ կարող են տարբեր վերաբերմունք ունենալ մարդկանց կողմից”,-ասաց Գալուստ Սահակյանը:
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարը լրագրողների խնդրանքով անդրադարձավ նաեւ ՀՀԿ կարգախոսին, եւ նշեց, որ քարոզարշավի առաջին օրերին պարզաբանումներ կտրվեն: “Երբ ասում ենք` հավատանք, չենք ասում հավատացեք իշխանությանը, ասում ենք, որ այն գործի հիմքում, որում ընկած է հավատը, մեծ արդյունք է ունենում”,-նշեց Գալուստ Սահակյանն ու հավելեց, որ եթե մարդիկ չհավատան, չեն ամուսնանա, իրենց երեխայի ճակատագրի մասին չեն մտածի, “եթե ազգովի չհավատայինք, Արցախը մերը չէր լինի”:
Գալուստ Սահակյանն ասաց, որ ՀՀԿ-ի ընդդիմախոսնեիրչը փորձում են ժողովրդին ուղղորդել, թե ոչնչի մի հավատացեք, միեւնույն է վատ է լինելու, բայց մեծ-մեծ խոսում են ապագայի ծրագրերի մասին: “Այն քաղաքական ուժերը, որոնք ավելի ուժեղ են ու կայուն զանգված ունեն, չափավոր են առաջիկա ծրագրերի մասին խոսելիս”,-նշեց ՀՀԿ փոխնախագահը:
Հարցին, թե ՀՀԿ-ն պայքարելու է ԲՀԿ-ի, թե ընդդիմության դեմ, Գալուստ Սահակյանը պատասխանեց.”Մենք մրցելու ենք բոլորի հետ”: Գալուստ Սահակյանն ասաց, որ ՀՀԿ-ն միրցապայքարի է գնալու “իր իրականացրած գործողություններով ու ծրագրերով”: