Րաֆֆին կզիջի Նիկոլին
“Ժառանգության” ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը լրագրողների հետ հանդիպմանը հույս հայտնեց, որ մայիսի 6-ին կայանալիք ընտրությունները անցնելու են ազատ, անկախ, թափանցիկ: “Սա հնչում է նաեւ իշխանությունների շուրթերից”,-ասաց նա:
Րաֆֆի Հովհաննիսյանը կոչ է անում մեծամասնական ընտրակարգով առաջադրված ընդդիմության թեկնածուներին միանալ եւ մեկ թեկնածու պահել: “Ես հարգում եմ Նիկոլ Փաշինյանի որոշումը, որ առաջադրվել է թիվ 7 ընտրատարածքում, որտեղ նաեւ ես եմ առաջադրվել: Ես պատրաստ եմ բանակցել նստել մի սեղանի շուրջ եւ եթե պետք լինի, ինչպես միշտ ես կզիջեմ”,-ասաց նա:
Հովհաննիսյանի խոսքով, “Ժառանգությունը” 25 տոկոս քվե է ստանալու եւ մտնելու խորհրդարան: ՞Խորհրդարան են մտնելու նաեւ մեր բոլոր ներկայիս պատգամավորները եւ եկեք չասենք, ով ցուցակի որ համարի տակ է: Ես ասում եմ լինելու են”,-ասաց “Ժառանգություն” կուսակցության առաջնորդը:
Վերջինս ցավում է, որ ցուցակի նախնական տարբերակի սեւագրության հրապարակումից հետո կուսակցության քարտուղար Կարինե Հակոբյանը դժգոհեց: “Մեզ մոտ միշտ ազատ գաղափարների բախում է լինում, դա գովելի է: Նաեւ Կարինեի հայտարարությունն էլ է օրինակելի, որ ինքը հասարակական գործիչ է, ոչ թե քաղաքական”,-ասաց Հովհաննիսյանը ասելով, որ ցուցակը ինքն է կազմել, բայց քննարկումների արդյունքում: “Սա Րաֆֆիի ցուցակը չէ, եթե լիներ իմը, ապա ես կլինեի 21-րդ համարը, իսկ վերեւներում կլինեին երիտասարդներն ու պատգամավորները”,-ասաց նա: