Ջրաշենի ողբերգական սպանությունը բացահայտվել է
Ինչպես տեղեկացրել էինք, մարտի 21-ին, ժամը 17.55-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Արտաշատի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Ջրաշեն գյուղի բնակիչ Թորգոմ Խուդոյանի տանը դիակ կա:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը տան խոհանոցի հատակին հայտնաբերել էր տանտիրուհու՝ 74-ամյա Չինար Խուդոյանի դիակը` պարանոցի, կրծքավանդակի եւ որովայնի կտրած-ծակած վերքերի հետքերով:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էր հանցագործության գործիք դանակը:
Հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի հատկանիշներով:
Ոստիկանության ծառայողների հմուտ գործողությունների շնորհիվ հանցագործությունը շատ արագ բացահայտվեց. մարտի 22-ին, ժամը 19.10-ին, ոստիկանները բերման են ենթարկել Ջրաշեն գյուղի բնակիչ, 1989 թ. ծնված Գեւորգ Սարգսյանին: Նա խոստովանել է, որ մարտի 21-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Չինար Խուդոյանին դանակահարել եւ սպանել է ինքը:
Հիշեցնենք, մարդասպանը դիակի վրա երկտող էր թողել, որտեղ ասվում էր. “Սա քո տղայի համար. նա տարավ մեր ողերը, մենք էլ` քեզ: Հաջորդը մարդդ ա”:
Սարգսյանի մոտ հայտնաբերվել է սպանությունից հետո Չինար Խուդոյանից հափշտակած եւ իրեղեն ապացույց հանդիսացող ‘Սամսունգ’ բջջային հեռախոսը: Գեւորգ Սարգսյանը ձերբակալված է:Նախաքննությունը շարունակվում է:
Henaran.am-ին հաղորդում են Ոստիկանության լրատվական ծառայությունից