Դատարանի վճիռը հայտնի է. Թամամին` 4 տարվա ազատազրկում / վիդեո/
Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, ոստիկանության գեներալ–մայոր Հովհաննես Թամամյանի դատավարությունը:
Նա մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիքի ու պաշտոնեական անփութության մեջ:
Նույն գործով մեղադրվում են նաեւ Երեւան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի պետի օպերատիվ աշխատանքների գծով նախկին տեղակալ Արմեն Պողոսյանն ու ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննության վարչության ՀԿԳ նախկին ավագ քննիչ Վահագն Խանզադյանը:
Նախորդ նիստում դատախազը մեղադրական եզրակացությունը ներկայացրեց, ըստ որի Արմեն Պողոսյանի եւ Վահան Խանզադյանի մասով առաջարկեց դատապարտել 2 տարի 6 ամիս ժամկետով, սակայն պատիժը պայմանականորեն չկիրառել: Իսկ Հովհաննես Թամամյանի նկատմամբ միջնորդեց 4 տարի ազատազրկում: Թամամյանի պաշտպանը խնդրեց ընդմիջում` պաշտպանական ճառին պատրաստվելու համար:
Փաստաբան Վաղարշակ Գեւորգյանը այս պահին ներկայացնում է պաշտպանական ճառը: Իր խոսքում պաշտպանը համոզմունք հայտնեց, որ դատարանը արդարացի վճիռ կկայացնի: Պաշտպանական կողմը չի անդրադառնում մեղադրանքի սկզբանական մասին, այլ կներկակայցնի պատիժը մեղմացնող հանգամանքները: Նրանք համաձայն չեն մեղադրողի միջնորդած չորս տարվա ազատազրկման հետ:
Ըստ Գեւորգյանի, իրենք կարծում էին, որ դատախազը Թամամյանի նկատմամբ ազատազրկումը կփոխարինի պայմանականով: Լսելով անցած նիստին մեղադրողին, Վ. Գեւորգյանը մինչեւ այս պահը չի կարող հասկանալ, թե ինչ մեղմացուցիչ հանգամանքներ են պետք ներկայացնել դատարան:
Փաստաբանը ներկայացնում է դատական պրակտիկայում եղած նախադեպերը, մասնավորապես, որ ազատազրկումը կարելի փոխարինել ուղղելով ամբաստանյալին:
Դատավորը լսեց ամբաստանյալների վերջին խոսքը եւ մտավ խորհրդատվական սենյակ: Մեկ ժամից հետո դատավորը դուրս եկավ խորհրդակցական սենյակից ու հրապարակեց դատարանի վճիռը, որով Հովհաննես Թամամյանը դատապարտվեց 4 տարի ազատազրկման: Նույն գործով մեղադրվող Երեւան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի պետի օպերատիվ աշխատանքների գծով նախկին տեղակալ Արմեն Պողոսյանն ու ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննության վարչության ՀԿԳ նախկին ավագ քննիչ Վահագն Խանզադյանը դատապարտվեցին երկու տարի ազատազրկման` փոխարինելով այն պայմանականով: