ՃՈ-ն չի տուգանում կարգազանց վարորդներին, քանի որ մտածում է ուղեւորների մասի՞ն
Ճանապարհա-տրանսպորտային ոլորտում խնդիրներ կան, որոնց լուծումը բնակիչներին գրեթե անհնարին է թվում: Դրանցից մեկը սահմանվածից կամ թույլատրելիից ավել թվով ուղեւորներ տեղափոխելն է, որն էլ մեծ բողոքներ է առաջացնում մարդկանց շրջանում:
Ճանապարհային Ոստիկանության պետի տեղակալ, գնդապետ Հայկ Սարգսյանը Henaran.am-ի հետ զրույցում հաստատեց, որ չի թույլատրվում վարորդներին սահմանված քանակից ավել ուղեւորներ փոխադրել, եւ իրենք տեղյակ են այդ խնդրից:
‘ Դե հիմա մենք այդքան չենք ուզում ճնշել վարորդներին այդ հարցում, հիմա ցուրտ ձմեռվան մարդը ժամերով կանգնում ա, որ մի հատ երթուղային գա ու նստի’,- այսպես մեկնաբանեց Հայկ Սիմոնյանը:
Անդրադառնալով մայրաքաղաքի կանգառների վիճակին, ՃՈ պետի տեղակալը խոստովանեց, որ կանգառների հարցը այն խնդրահարույց կետն է, որը մշտապես գտնվում է Ճանապարհային Ոստիկանության աշխատանքի կիզակետում:
‘ Ուղեւորատար տրանսպորտը, դրանց ճիշտ աշխատանքը, նորմալ կանգառներ ունենալը, այլ մեքենաների այնտեղ չկայանելը դա մշտապես խնդիր է եղել: Սակայն ինչ-որ չափով վիճակը բարելավում է, այդ ուղղությամբ մենք շատ ենք աշխատում:
Այո, հասարակությունը մտահոգված է, որ երթուղային տաքսիների վարորդներն անկանոն են քշում, կգա պահ, որ այդ հարցն էլ կլուծվի, բայց կարգազանց վարորդները անպատիժ չեն մնում’,- եզրափակեց Հայկ Սարգսյանը: