ՄԻՊ-ը գնահատում է Արդարադատության նախարարության գործունեությունը
ՄԻՊ գրասենյակը Henaran.am-ին փոխանցել է Արդարադատության նախարարության գործունեության ոլորտում առկա թերություններն ու խնդիրներն ամփոփող զեկույց.
- · ՀՀ արդարադատության նախարարությունը չի ձեռնարկել բավարար միջոցներ նոտարական ծառայության որակի բարձրացման համար: Նոտարական գրասենյակներում միևնույն նոտարական ծառայությունների համար քաղաքացիներից պահանջել են տարբեր չափի վճարումներ:
- · Որոշ դեպքերում Դատական ակտերի հարկադիր կատարման (այսուհետ` ԴԱՀԿ) ծառայության աշխատակիցների կողմից խախտվել են պահանջատիրոջ իրավունքները,ինչի հետևանքով շարունակել են չկատարվել կամ ոչ լիարժեքորեն կատարվել դատարանների կողմից կայացված և օրինական ուժի մեջ մտած ակտերի պահանջները: Առանձին դեպքերում ԴԱՀԿ ծառայության կողմից պատշաճ միջոցներ չեն ձեռնարկվել հետախուզման մեջ գտնվող պարտապաններին հայտնաբերելու ուղղությամբ: Հարկադիր էլեկտրոնային աճուրդների օբյեկտիվությունը հաճախ վիճահարույց է եղել, ինչը պատճառէ եղել նաև կոռուպցիոն դրսևորումների: ԴԱՀԿ ծառայությունը շարունակել է դրսևորելանգործություն պետական մարմինների նկատմամբ՝ պաշտոնատար անձանց կողմից վճռի պահանջները չկատարելու դեպքերում:
- · Քաղաքացիական կացության ակտերի գրացման (այսուհետ` ՔԿԱԳ) մարմինները, ԴԱՀԿ ծառայությունը, պետական ռեգիստրի գործակալությունը որոշ դեպքերումշարունակել են քաղաքացիներից ապօրինաբար պահանջել պարտադիր նոտարական վավերացմամբ լիազորագրեր, ինչը հակասում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 23 հոդվածին:
- · Որոշ դեպքերում ՔԿԱԳ մարմիններում շարունակել են քաղաքացիներից պահանջելօրենքով ոչ պարտադիր փաստաթղթեր (հիմնականում ամուսնությունների գրանցման, անվան, ազգանվան փոխման դեպքերում): Բացի այդ, ՔԿԱԳ գործակալության մի շարք բաժիններում ցածր է եղել բնակչությանը տրամադրվող ծառայությունների որակը, մասնավորապես՝ չնորմավորված աշխատանքային գրաֆիկ, անհարկի հերթերի ստեղծում և այլն, որոնք պատշաճ կերպով հսկողության բացակայության արդյունք են:
- · Թեպետ պետական ռեգիստրի գործակալությունում ներդրվել է մեկ պատուհանի համակարգ, այնուամենայնիվ, սպասարկող աշխատակիցների թվաքանակի անբավարարության պատճառով եղել են մարդկանց կուտակումներ և աշխատանքների խառնաշփոթ:
- · Բավարար չի եղել քրեակատարողական հիմնարկներում (ՔԿՀ) դատապարտյալներին և կալանավորված անձանց տրամադրվող բժշկական օգնությունն ու սննդի որակը: Որոշ քրեակատարողական հիմնարկներում արձանագրվել են կոմունալ-կենցաղային անբավարար պայմաններ:
- · Քրեակատարողական հիմնարկներում հանձնուքներն ընդունելու, տեսակցությունները կազմակերպելու, խցերը օդափոխելու և այլ դեպքերում առկա են եղել կոռուպցիոն երևույթներ:
- · Քրեակատարողական հիմնարկներում երբեմն սահմանափակվել են ցմահ ազատազրկման դատապարտված անձանց զբոսանքի իրավունքը՝ շաբաթական 7 անգամվա փոխարեն տրամադրվել է 2-3 անգամ:
- · Մտահոգիչ է այն, որ ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում բացակայել է ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» ՔԿՀ-ի մասնագիտացված բուժսպասարկումն ապահովող առանձնացված ստորաբաժանումը, ինչպես նաև «վերակենդանացման բաժանմունք»:
- · Չնայած Արդարադատության նախարարությունը դատական իշխանության համակարգի բարեփոխման նպատակով առաջարկել է երկարաժամկետ ծրագիր, որում ներառված որոշ առաջարկություններ կարող են նպաստել արդար դատաքննության իրավունքի առավել արդյունավետ իրացմանը, այդուհանդերձ, նախարարությունը իրական և բավարար քայլեր չի ձեռնարկել համակարգում առկա արատավոր երևույթները վերացնելու ուղղությամբ, մասնավորապես՝ բավարար արդյունավետ չի իրացրել դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իր իրավասությունը:
Ոլորտի դրական զարգացումները
- · ՀՀ արդարադատության նախարարությունում ստեղծվել է աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչություն:
- · Նախարարության կողմից համակարգված ձևով կազմակերպվել է քաղաքացիների ընդունելություն, ապահովվել է դիմումներին և բողոքներին պատշաճ ընթացք տալու գործընթացը:
- · Ստեղծվել են ՀՀ սահմանադրական դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների ուսումնասիրության աշխատանքային խմբեր՝ ներպետական օրենսդրությունը նշված որոշումների պահանջներին համապատասխանեցնելու նպատակով: Մասնավորապես՝ աշխատանքային խմբի կողմից ուսումնասիրված սահմանադրական դատարանի որոշումների հիման վրա ՀՀ կառավարությանն է ներկայացվել օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու առաջարկներ:
- · Գույքագրվել է 1990-95 թվականների ՀՀ օրենսդրությունը, վերլուծվել և օրենսդրական նախաձեռնության տեսքով առաջարկություններ են ներկայացվել բոլոր շահագրգիռ մարմիններին:
- · Սահմանվել են նոտարի պաշտոնում նշանակվելու, նոտարի թեկնածուների վերապատրաստման նոր կարգ և չափանիշներ, վերանայվել են նոտարական ծառայությունների համար սակագները, սահմանվել և հստակեցվել են այդ ծառայությունների համար ֆիքսված սակագները: Ուսումնասիրվել են արդարադատության նախարարին հասցեագրված քաղաքացիների բողոքները, որոնց հիման վրա տրվել են համապատասխան հանձնարարականներ՝ միաժամանակ ուժեղացնելով նոտարների նկատմամբ վերահսկողությունը:
- · 2011թ. ապրիլից իրավաբանական անձանց պետական ռեգիստրում ներդրվել է մեկ պատուհանի սկզբունքը, հնարավորություն է ստեղծվել նաև իրավաբանական անձի գրանցումն իրականացնել էլեկտրոնային եղանակով, ընդամենը մի քանի րոպեների ընթացքում, ինչպես նաև տեղի են ունեցել առկա բոլոր ընթացակարգերի պարզեցում, ժամկետների կրճատում:
- · Կրճատվել է ամուսնությունների գրանցման ժամկետը և պահանջվող փաստաթղթերի քանակը, անվան փոփոխման համար դիմումատուի կողմից ներկայացվող փաստաթղթերի ցանկը, իսկ դեկտեմբերի 1-ից ՔԿԱԳ տարածքային մարմիններն աշխատանքներն իրականացրել են էլեկտրոնային կառավարման նոր համակարգով:
- · Քրեակատարողական հիմնարկներում շարունակվել են վերանորոգման և հիմնանորոգման աշխատանքները, ավելացվել են երկարատև տեսակցությունների համար նախատեսված սենյակների քանակը, որոշ քրեակատարողական հիմնարկների բուժկետերը վերազինվել են նոր սարքավորումներով, ինչպես նաև հատկացվել են բավարար չափով դեղորայքներ:
- · Ավելացել է «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի մասնաճյուղերի արտադրական, գյուղատնտեսական և հացաթխման արտադրամասերում աշխատանքներ իրականացնող դատապարտյալների թվաքանակը՝ 2010թ. 236-ի փոխարեն հասել է 271-ի:
Կարեն Անդրեասյան Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան