05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ինչի դիմաց է Էրդողանը Օբամայի առաջ բարձրացրել հայկական հարցը

Նախօրեին Սեուլում Էրդողան-Օբամա հանդիպմանը քննարկվել է նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների եւ ԼՂ հակամարտության կարգավորման հարցը:

Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիփ Էրդողանը որոշ արտահայտություններ է արել, մասնավորապես, որ ԼՂ կարգավորման գործում Մինսկի Խմբի ձեւաչափը դադարում է օգտակար լինել, եւ որ Թուրքիան ձանձրացել է այս ձգձգված ու չլուծված վիճակից:

“Հենարան” մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ‘’Նորավանք’’ գիտակրթական հիմնադրամի փորձագետ, Հայագիտական կենտրոնի ղեկավար Արիստակես Սիմավորյանը, ով գտնում է, որ Թուրքիան փորձում է խցկվել Մինսկի Խմբի շրջանակ, եւ իր դիրքորոշումն արտահայտելով  այդ հարցում` ձեռք բերել բարձր մակարդակի դիրք:

Բանախոսը կարծիք հայտնեց, որ տարիներ շարունակ Թուրքիայի միակ սխալն այն է եղել, որ միշտ հովանավորել է Ադրբեջանին` փորձելով խանգարել Մինսկի Խմբի գործունեությանը:

‘’Էրդողանը փորձում է Ախթամարի եկեղեցու օրինակով գերտերություններին համոզել, որ Թուրքիան կրոնական հանդուրժողականություն վարող  երկիր է, սակայն վերջին 80 տարում Թուրքիան կրոնական հանդուրժող երկիր չի եղել: Ավելին մոտակա 30-40 տարում Թուրքիան կդնի երկիրը ապաքրիստոնեականացնելու խնդիրը’’,- նշեց փորձագետը:

Թուրքագետ Հակոբ Չաքրյանը կարծում է, որ Օբամա-Էրդողան մեկ ու կես ժամ տեւած հանդիպումը Թուրքիայում փորձում են ներկայացնել որպես երկուսուկես ժամյա, քանի որ թուրքերի պատկերացմամբ` ԱՄՆ նախագահի հետ երկար զրույցը վկայում է իրենց երկրի ծանր կշիռ ունենալու մասին:

‘’Էրդողանն ասել է, թե իրենք ձանձրացել են  հայկական բանաձեւերից, եւ առաջարկել է հարցը շուտափույթ կարգավորելու համար ճնշում գործադրել հակամարտող կողմերի վրա. Թուրքիան կհամոզի Ադրբեջանին, իսկ Մինսկի Խումբը` կճնշի Հայաստանին’’,- ասաց Հակոբ Չաքրյանը` հավելելով, որ Օբաման չի կարող Էրդողանի սիրուն աչքերի համար ճնշում գործադրել Կոնգրեսի վրա, որ վերջինս չքննարկի Հայոց ցեղասպանության եւ ԼՂ կարգավորման վերաբերյալ հարցեր:

Թուրքագետի կարծիքով` Էրդողանը հանձնարարական է ստացել` զբաղվելու Սիրիայի հարցով, քանի որ այսօր Էրդողանը պիտի մեկնի Իրան` Սիրիայի հետ կապված հարցեր քննարկելու,եւ այդ հանձնարարականի դիմաց Թուրքիան փորձում է Օբամայի մոտ բարձրացնել Հայաստանին վերաբերող հարցեր:

Սակայն, ըստ Հակոբ Չաքրյանի, Օբաման նրա հնչեցրած հարցերին ուշադրություն էլ չի դարձրել, քանի որ բոլորի ուշադրությունը միջուկային զենքի հետ կապված հարցերն են, Սիրիայի ու Իրանի հարցերը:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների հետագա ճակատագրի վերաբերյալ հարցին, թուրքագետը կարծիք հայտնեց, որ որեւէ հիմք չկա, որ հայ-թուրքական հարաբերությունները կթեւակոխեն մերձեցման փուլ` հաշվի առնելով տարածաշրջանում սպասվող թեժ խնդիրները` Սիրիա, Իրան:

“Թուրքիան այնքան է խրվել ժխտողականության մեջ, որ մոտեցող եղեռնի տարելիցի հարյուր ամյակին`  2015-ին, էլ անելիք չի ունենա, եւ եթե չճանաչի Հայոց ցեղասպանությունը, ապա կմեկուսանա միջազգային ասպարեզում’’,- եզրափակեց Հակոբ Չաքրյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ