26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

“Արդյո՞ք Թուրքիան այժմ ետ կպահանջի իր գնդակները, եթե Տուվալուն ճանաչի Ղարաբաղի անկախությունը”

Մարտի 16-ը Միավորված ազգերի կազմակերպությունում սովորական օր էր, երբ Հայաստանի ու Տուվալուի ներկայացուցիչները ստորագրեցին Հայաստանի Հանրապետության ու Տուվալուի միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին Համատեղ հայտարարություն: Տուվալուն Խաղաղ օվկիանոսի հարավում գտնվող փոքր պետություն է, Մանհեթենից էլ փոքր, որի բնակչությունը հազիվ հասնի 10,000-ի: Ո՞վ կմտածեր, որ նման սովորական մի հայտարարություն կարող էր այսքան մեծ խուճապ առաջացնել Թուրքիայում եւ Ադրբեջանում:

Այս լուրը չէր հայտնվի համաշխարհային մամուլի ուշադրության կենտրոնում, եթե չլիներ թուրքական “Հուրիյեթ” թերթի “խորաթափանց” լրագրող Ուղուր Էրգանի “սուր” աչքը: Նա կարճ ժամանակում Տուվալուին հանեց անհայտությունից` դարձնելով այն ամենաշատ քննարկվող երկիրը թուրքերի եւ ադրբենջանցիների շրջանակներում: Էրգանը մեջբերեց անանուն թուրք պաշտոնատարներին` նշելով, որ Հայաստանը հաստատել է դիվանագիտական հարաբերություններ եւ տոննայով փող է խոստացել Տուվալուին, որպեսզի նա լինի Արցախը ճանաչող առաջին պետությունը:

Այնուհետև, Էրգանը բացատրում է, որ Անկարային “անհանգստացնում է” այն կասկածը, որ Տուվալուի կողմից Արցախի ճանաչման համար Հայաստանը կանի այն, ինչ թուրք պաշտոնատարներն արել են տասնամյակներ շարունակ` ստանալ քաղաքական շահեր  դրամական  նվերների դիմաց: Նրանք վերագրում են իրենց առօրյա գործելակերպը ուրիշներին: Ինչպես Աստվածաշնչում է նշվում, նրանք տեսնում են ուրիշների աչքերի փուշը, սակայն չեն տեսնում իրենց աչքերի գերանը:

Ադրբեջանցի պաշտոնատարներն էլ ավելի անհանգստացած էին` ենթադրելով, որ Տուվալուն շուտով կճանաչի Արցախը: Իշխող “Նոր Ադրբեջան” կուսակցության պատգամավոր Այդին Միրզազադեն լրագրող Ի. Իսաբալայևայի  հետ հարցազրույցում ծաղրեց Տուվալուի պատրաստակամությունը “ճանաչելու որեւէ պետություն, նույնիսկ գոյություն չունեցող երկրի` փոքր գումարի դիմաց”:

Միրզազադեն լավ է հասկանում կաշառքով ձայներ գնելու գործելակերպը: Միջազգային մամուլով հայտարարվել էր, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը գործի է դրել երկրի վիթխարի նավթային դոլարները վերջին տարում` առատաձեռն ֆինանսական միջոցներ տրամադրելով աղքատ երկրներին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամակցության համար քվեների դիմաց:

Ադրբեջանը հետևում է իր ավագ եղբայր Թուրքիայի` ՄԱԿ-ում ձայներ գնելու քայլերին:  Գարեթ Ջենքինսը “Eurasian Daily Monitor”-ում ասաց, որ Թուրքիայի կառավարությունը Ստամբուլ է հրավիրել Տուվալուի, Տոնգայի, Նաուրուի, Վանուատուի, Սողոմոն կղզիների, Մարշալ կղզիների, Կուկ կղզիների, Պապուա Նոր Գվինեայի, Պալաույի, Ֆիջիի, Միկրոնեզիայի եւ Սամոայի ղեկավարներին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Թուքիայի անդամակցության համար ձայներ ապահովելու համար: Մի զարմացեք, եթե երբեւիցե չեք լսել խաղաղօվկիանոսյան այս կղզիների անունները: Թուրքիայի նախկին փոխվարչապետ Աբդուլաթիֆ Սեները անկեղծ խոստովանեց. “Ես նախկինում երբեւէ չեմ լսել դրանցից մի քանիսի անունները, սակայն նրանք բոլորն էլ ունեն քվեարկելու իրավունք ՄԱԿ-ում”: Թուրքիայի ծրագիրը հաջողվեց: 2008-ին Թուրքիան ստացավ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում իր աթոռը` առաջարկելով միլիոնավոր դոլարներ աշխարհի չորս անկյուններում սփռված անհայտ տասնյակ երկրներին:

“Հուրիյեթ” թերթի ավելի անկեղծ մեկնաբան Յիլմազ Օզդիլը համարձակորեն հակադարձեց Էրգանի զեկույցին` հաստատելով, որ Թուրքիան առաջինն էր, ով “կաշառքներ” է առաջարկել Տուվալուին եւ այլոց: Օզդիլը բացահայտեց, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ընտրվելու համար Թուրքիան տվել է հետեւյալ միջնորդավճարները.

— Անգոլային, Եթովպիային, Գամբիային, Սուդանին և Կոմորոսին` դեղորայք,

— Զիմբաբվեին` առեւտրի կենտրոն,

— Մավրիտանիային` ախոռներ,

— Նիգերիային` խմելու ջրի ցանց,

— Եթովպիային` ջրամբարներ,

— Գանային` գրենական պիտույքներ,

— Սուդանին` դաշտային հիվանդանոց,

— Մոզամբիկին եւՄավրիտանիային `անասնապահական տեխնոլոգիա,

— Բենինին` էլեկտրական ցանց,

— Գամբիային` ձուլարաններ,

—  Էրիտրեային, Տոգոյին,Լեսոտոյին եւ Ուգանդային` վերապատրաստման դպրոցներ,

— Գվինեային` ոստիկանության վերապատրաստում,

— Մալիին` պատվաստանյութեր,

— Տանզանիային եւ Չադին` մարդասիրական աջակցություն,

— Կոնգոյին` դպրոց,

— Լիբերային եւ Սիերա Լեոնեին` կոյուղու համակարգ,

— Պալաուին` VIP միկրոավտոբուսներ,

— Անտիգուային` համակարգիչներ,

– Սուրբ Վինսենտի եւ Գրենադիների վարչապետին` աղուհացով դիմավորում, նրա գրպանները նվերներով լցնելը, եւ նրան մասնավոր ուղղաթիռի տրամադրում Իզմիր թռչելու համար,

— Տուվալուին` ֆուտբոլի գնդակների եւ պոմպերի նվիրաբերում:

Մեկ այլ թուրք մեկնաբան Դենիզ Զեյրեկը “Ռադիկալ” թերթում գրեց մի զավեշտալի հոդված` “Տուվալու, ետ տուր մեր ֆուտբոլի գնդակները” վերնագրով: ՄԱԿ-ում ձայներ գնելու նպատակով` Զեյրեկը հայտնեց, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն հարցրել է այդ ժամանակ իր երկրում հյուրընկալված Տուվալուի վարչապետին, թե արդյոք նրա երկիրը որեւէ բանի կարիք ունի: Տուվալուի պաշտոնատարներն ապշեցուցիչ պահանջ ներկայացրեցին: Ասացին, որ իրենց երեխաները սիրում են ֆուտբոլ խաղալ, սակայն գնդակ չունեն: Թուրքիան անմիջապես Տուվալու ուղարկեց հարյուրավոր ֆուտբոլի գնդակներ պոմպերի հետ միասին: Ապա, Տուվալուն կատարեց Թուրքիայի պահանջը` սատարելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Թուրքիայի թեկնածությանը:

Զեյրեկն ավարտեց իր հոդվածը հետևյալ ծաղրական հարցով. “Արդյո՞ք Թուրքիան այժմ ետ կպահանջի իր գնդակները, եթե Տուվալուն ճանաչի Ղարաբաղի անկախությունը”:

Հարութ Սասունյան` “Կալիֆորնիա Կուրիեր” թերթի խմբագիր

Թարգմանիչ` Կարինե Գևորգյան

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ