ՀԱԿ-ում չեն լսել “ժառանգության” մեղադրանքները
“Ես նման հայտարարություն չեմ լսել, “Ժառանգության” հետ եղել են բանակցություններ, դրանց մասին ինֆորմացիան տրվել է, ավելացնելու ոչինչ չունեմ”,-այսօր Henaran.am-ին ասել է ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը` անդրադառնալով “Ժառանգության” այն հայտարարություններին, թե մեծամասնական ընտրապայքարում ՀԱԿ-ը համագործակցում է իշխանությունների հետ:
Հիշեցնենք, որ Henaran.am-ի հետ զրույցում օրերս նման հայտարարություն էր արել ԱԺ “Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը:
Լեւոն Զուրաբյանը մեծամասնականի շուրջ ՀԱԿ- եւ “Ժառանգության” միջեւ տեղի ունեցած խմորումներին անդրադառնալ չցանկացավ: “Դուք տեսնում եք, որ մենք այսօր համագործակցում ենք ընտրական գործընթացի վերահսկողության շուրջ”,-նշեց ՀԱԿ համակարգողը:
Henaran.am-ի դիտարկմանը, թե ինչու ՀԱԿ համակարգողը ընդդիմացավ “Ժառանգության” վարչության նախագահ Ռուբեն Հակոբյանի առաջարկին`միասնական շտաբի մասին հայտարարությունն ստորագրել քաղաքական ուժերի ղեկավարների մակարդակով, Լեւոն Զուրաբյանը պատասխանեց.” Եթե մենք լիազորված ենք մեր քաղաքական ուժերի կողմից, եկել ենք գալու համաձայնության, ինչը մենք արեցինք: Իմ դիրքորոշումը շատ ճիշտ էր` արդյունքին հասնելու առումով”:
Մեր ճշտող հարցին, թե անհրաժեշտության դեպքում, Լեւոն Տեր-Պետրոսյանը կստորագրի՞ փաստաթղթի տակ, ՀԱԿ համակարգողն արձագանքեց. “Մենք համաձայնվել ենք նրա հետ, ինչը ստորագրել ենք: Ի՞նչ անհրաժեշտություն կա դրա համար: Կոնգրեսի ստորագրած փաստաթուղթը շատ լուրջ փաստաթուղթ է եւ ամեն կուսակցություն ինքն է որոշում, թե որ մակարդակով է ստորագրում համաձայնությունները: Մենք մեր ստորագրած փաստաթղթերի համար պատասխանատու ենք, անկախ նրանից, թե ով է լիազոր ներկայացուցիչը, որ ստորագրել է փաստաթուղթը”: