Ալեն Դելոնը կմասնակցի “Armenia Music Awards”-ին
Ֆրանսիական կինոյի լեգենդ Ալեն Դելոնը, որն օրեր առաջ է վիրահատվել առիթմիայի պատճառով, պատրաստվում է ժամանել Մոսկվա` մասնակցելու “Armenia Music Awards” մրցանակաբաշխությանը: Այս մասին “РИА Новости”-ին հայտնել է “Armenia production” ընկերության տնօրեն Վալերի Սահարյանը:
Ինչպես հայտնել է “Purepeople” պարբերականը, Դելոնին վիրահատել են Փարիզի Նեյի-սյուր-Սեն արվարձանի ամերիկյան հիվանդանոցում: Ալեն Դելոնը հավանաբար դուրս կգրվի հենց այսօր: Դերասանի օգնականը հայտնել է Վալերի Սահարյանին, որ Դելոնի առողջական վիճակն արդեն լավ է, եւ նա պատրաստվում է մեկնել Մոսկվա:
“Armenia Music Awards” մրցանակաբաշխությունն արդեն 2-րդ անգամ կկայանա այս անվանումով: 2006-ին այն կոչվում էր “Անելիք”, 2006-2010-ը` “Տաշիր” երաժշտական մրցանակաբաշխություն, 2011-ին` “ARMENIA” մրցանակաբաշխություն:
Այս մրցանակաբաշխությունը Հայաստանի եւ սփյուռքի երաժշտական կյանքի կարեւորագույն իրադարձություններից է: 6 տարվա ընթացքում մրցանակաբաշխության հյուրերն են եղել բազմաթիվ համաշխարհային աստղեր, ինչպիսիք են Շերը, Խուլիո Իգլեսիասը, Դեմիս Ռուսոսը, Բոսսընը, Լիզ Միտչելը եւ ուրիշներ: