26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լիտվան կողմնակից է ԼՂ հակամարտության կարգավորման Մինսկի Խմբի ձեւաչափին

Պաշտոնական այցով Հայաստանում է Լիտվայի արտգործնախարար Աուդրոնիուս Աժուբալիսը: Այսօր Լիտվայի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ հայ-լիտվական դիվանագիտական   հարաբերությունները աշխույժ են ընթանում, եւ եթե այս տարի  լրանում է մի շարք երկրների հետ ՀՀ դիվանագիտական հարաբերությունների հաստատման քսան ամյակը, ապա Լիտվայի հետ դիվանագիտական հարաբերությունների քսան ամյակը նշվել է դեռ անցյալ տարի, քանի որ Լիտվան առաջին երկիրն էր, որը ճանաչեց Հայաստանի անկախությունը, եւ հաստատեց դիվանագիտական հարաբերություններ:

Լիտվայի ԱԳ նախարարը նշեց, որ Հայաստանի եւ Լիտվայի միջեւ ձեւավորվել է դիվանագիտական հարաբերությունների մեծ փորձ, որը պետք է կիրառել նաեւ երկկողմ տնտեսական եւ կրթա-մշակութային հարաբերությունների խթանման համար:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին, էդվարդ Նալբանդյանը նշեց, որ դեռ 1999թ Լիտվայի խորհրդարանը պատմական հայտարարությամբ էր հանդես եկել, որով կոչ էր արվում հարգել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

՛՛Ես կուզենայի հիշեցնել, թե ինչպես են պատկերացնում ԼՂ խնդրի կարգավորումը համանախագահ երկրները: Դեռ Աստանայում Հիլարի Քլինթոնը մյուս երկու համանախագահների անունից հայտարարել է, որ այն բոլոր տարրերը, որոնք ընկած են ԼՂ հիմնախնդրի կարգավորման հիմքում, դա մի ամբողջական փաթեթ է, եւ առանձնացնելով  մի տարը մյուսից, թույլ չի տա կարգավորել կոնֆլիկտը՛՛,- ասաց Էդվարդ Նալբանդյանը՝ հավելելով, որ Ադրբեջանը փորձում է մի տարրը առանձնացնել, ինչը կարգավորման հիմք չի կարող լինել:

Նա նշեց, որ Հայաստանի եւ համանախագահների մոտեցումները ԼՂ կարգավորման հետ կապված համընկնում են :

՛՛Ցավոք Ադրբեջանը այնպիսի հայտարարություններ է անում, որոնք խոչընդոտում են ԼՂ կարգավորմանը եւ մյուս կողմից փորձում է  ձեւացնել, թե կողմնակից է  ստատուս-քվոյի պահպանմանը՛՛,- ասաց Էդվարդ Նալբանդյանը:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից հնչող ռազմատենչ եւ ռասիստական հակահայկական հայտարարություններին, ապա Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ ԵԽ ռասիզմի դեմ պայքարի կոմիտեն արդեն իսկ արձագանքել է՝ իր զեկույցի միջոցով ցույց տալով, որ Ադրբեջանում այդ առումով լավ վիճակ չի տիրում:

՛՛Մի բան հաստատ է, որ նման հայտարարությունները բացասական արձագանք են գտնում միջազգային հանրության շրջանում: Մի ամբողջ ժողովրդի ֆաշիստ անվանել… ես կարծում եմ նույնիսկ մեկնաբանություններն ավելորդ են՛՛,- ասաց Էդվարդ Նալբանդյանը:

Լիտվայի արտգործնախարար Աուդրոնիուս Աժուբալիսը այդ կապակցությամբ ասաց, որ  ամեն տեսակի հարաբերություններում նման դեպքերը թույլ չեն տալիս աշխատանքային եւ բանակցային մթնոլորտ ստեղծել եւ հասնել դրական արդյունքների:

՛՛Ամենակարեորն այն  է,  որ քաղաքական կամք պետք է դրսեւորել, եթե կողմերից մեկի մոտ այդ քաղաքական կամքը թույլ դրսեւորվեց, ապա բանակցությունները լավ արդյունք չեն ունենա՛՛,- ասաց Լիտվայի ԱԳ նախարարը՝ հավելելով, որ ԼՂ կարգավորման առնչությամբ Լիտվայի դիրքորոշումն անփոփոխ է՝ Լիտվան կողմնակից է Մինսկի Խմբի ձեւաչափին եւ կայացրած որոշումներին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ