Շնորհավոր գեղեցկության, մայրության եւ Ավետման տոնը
Ապրիլի 7-ը Սուրբ Աստվածածնի Ավետման օրն է: Ըստ ավանդության, Գաբրիել հրեշտակապետը Սուրբ Մարիամին հայտնվում է այն ժամանակ, երբ նա կարդում էր Եսայու մարգարեության մի հատված, ուր խոսվում է Կույսից Փրկչի ծննդյան մասին, եւ մտածում էր, թե ո՞վ է արդյոք լինելու այդ երանելի Կույսը:
Հրեշտակը ողջունում է Սբ. Մարիամին եւ հայտնում.
“Սուրբ Հոգին կգա քո վրա, եւ Բարձրյալի զորությունը հովանի կլինի քեզ, որովհետեւ նա, որ քեզանից է ծնվելու, սուրբ է եւ Աստծու որդի կկոչվի”: Սուրբ Մարիամը չէր կարող չկանխատեսել այն չարչարանքներն ու տառապանքները, որ հասնելու էին իրեն, սակայն նա, իր արարքով մարդկությանն աստվածային կամքին հնազանդության հրաշալի օրինակ ցույց տալով, ասաց. “Ահավասիկ ես մնում եմ Տիրոջ աղախինը, թող քո խոսքի համաձայն լինի ինձ”: Եւ Սբ. Կույսի հղիությունն էլ սկսվեց հենց այն պահից, երբ նա արտաբերեց այս խոսքերը:
Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Ավետման տոնը հռչակվեց մայրության օրհնության օր: Հայաստանյայց Առաքելական բոլոր եկեղեցիներում այդ օրն օրհնության կարգ է կատարվում:
Իսկ Հայաստանի կառավարության որոշմամբ 1995թ.–ին ապրիլի 7- ը որպես մայրության եւ գեղեցկության տոն ամրագրվեց ազգային տոնացույցում, հաշվի առնելով նաեւ, որ ապրիլի 7–ին Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Ավետումը։
Նշենք նաեւ, որ ապրիլի 7-ով ավարտվում է մարտի 8-ից սկսած կանանց եւ գեղեցկության միամսյակը:
Henaran.am-ը շնորհավորում է հայ կանանց`տոնի առթիվ, մաղթում սեր, ժպիտ եւ ամուր ընտանիք: