Քոֆի Անանը Թուրքիայում կայցելի սիրիացի փախստականներին
ՄԱԿ-ի եւ ԱԵԼ-ի հատուկ պատվիրակ Քոֆի Անանը մտադիր է երեքշաբթի առավոտյան մեկնել Թուրքիայի հարավ` սիրիացի փախստականների ճամբարները տեսնելու նպատակով: Ինչպես տեղեկացնում է “Росбалт”-ը, Անանի այցն ընդամենը մեկ օր կտեւի, քանի որ ապրիլի 11-ին նրան սպասում են Իրանում:
Երեքշաբթի փախստականների ճամբարները պատրաստվում են այցելել նաեւ ամերիկացի սենատորներ Ջոն Մաքքեյնը եւ Ջո Լիբերմանը:
Սիրիական իշխանություններն իրենց համաձայնությունն էին տվել ապրիլի 10-ից սկսել Քոֆի Անանի ծրագիրն իրականացնել, սակայն դրանից հետո բռնությունները երկրում սկսեցին աճել: Կառավարական զորքերը փորձել են գրոհով գրավել Լաթամնա քաղաքը, բացի այդ, ռմբակոծվել են Հոմսի մի քանի թաղամասեր: Չնայած սիրիական պաշտոնական աղբյուրներն այս տվյալները չեն հաստատում:
Ավելի վաղ ԱՄՆ-ը հրապարակել էր արբանյակային լուսանկարներ, որոնցում երեւում է` ինչպես են սիրիական կառավարական ուժերը նոր դիրքեր գրավում` բնակելի թաղամասերը հրետանային ռմբակոծման ենթարկելու նպատակով:
Բռնությունների ալիքը Սիրիայում չի դադարում արդեն ավելի քան մեկ տարի: Այս ընթացքում ՄԱԿ-ի տվյալներով ավելի քան 9 հազար մարդ է զոհվել: