Վլադիմիր Կարապետյանը Սամվել Ֆարմանյանին բանավեճի հրավիրեց
Թիվ երկու ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու, ՀԱԿ անդամ Վլադիմիր Կարապետյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց, որ իր առաջադրումը երկու գործոնով է պայմանավորված: “Առաջինը ՀԱԿ որոշումն է ` հնարավորինս շատ ընտրատարածքներում առաջադրելու թեկնածուներ` ցույց տալու համար մեր վճռականությունը, ջարդելու կեղծիքի մեքենան եւ հաղթելու ընտրություններին”,-նշեց նա ու հավելեց, որ անելու է ամենը` համոզելու համար, որ “իրենք ունակ են պայքարելու հանցավոր ռեժիմի հետ”:
Երկրորդ գործոնը պատգամավորության թեկնածուի խոսքով, պատգամավոր –բնակիչ հարաբերություններում նոր մշակույթի ներմուծումն է:
Վլադիմիր Կարապետյանն ասաց, որ իր անձնական կայքում հրապարակել է իր հեռախոսահամարները, որը այս հինգ տարիների ընթացքում անփոփոխ է լինելու, այս հինգ տարիներին գործելու է իր գրասենյակը, որը ըստ նրա, բաց է լինելու բոլորի` եւ անհատ քաղաքացիների, եւ հկ-ների համար:
Վլադիմիր Կարապետյաննն ասաց, որ բոլոր ընտրատեղամասերում հակված է ունենալ երկուական թեկնածու: “Հույս ունեմ որ համագործակցելով այլ քաղաքական ուժերի վստահված անձանց ներկայացուցիչների հետ միասին կբռնենք ընտրակեղծարարի ձեռքը”,-նշեց նա: Վլադիմիր Կարապետյանն այն հարցին, թե հավատում է արդյոք, որ ընտրությունները կանցնեն ազատ ու արդար պատասխանեց.”Դժվարանում եմ խոսել մյուս ընտրատարածքի մասին, բայց ես անելու եմ ամեն ինչ, որպեսզի բացառեմ կեղծիքները”:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե չի պատրաստվում հետեւել Նիկոլ Փաշինյանին եւ իր մրցակից ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանին բանավեճի հրավիրել, Վլադիմիր Կարապետյանը պատասխանեց. “Ընդունում եմ որպես խորհուրդ եւ հրապարակային հրավիրում մրցակցիս բանավեճի”: