Ձեր քվեն գործիք է. Սերժ Սարգսյանը զրուցեց արմավիրցիների հետ
ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը ապրիլի 11-ին հանդիպեց Արմավիրի մարզի Մերձավան, Մուասալեռ, Փարաքար համայնքների բնակիչների հետ: Henaran.am -ի թղթակիցը հաղորդում է, որ իր խոսքում նախագահը անդրադարձավ գյուղի խնդիրներին: Նա շեշտեց, որ գյուղատնտեսության զարգացումը կապված է գյուղի հետ եւ հավաստիացրեց, որ կառավարությունը ապահովելու է մեկնարկած ծրագրերի շարունակականությունը:
“Ուզում եմ նայեք այս երեխաներին, տարբերություն կա՞ այս գյուղի երեխաների եւ Երեւանի երեխաների միջեւ: Կարծում եմ չկա”-ասաց նախագահը` փաստելով, որ եւ գյուղի, եւ քաղաքի երեխաները պետք է նույն կերպ ապրեն: Նախագահը անդրադարձավ սպասվող խորհրդարանական ընտրություններին: Սերժ Սարգսյանը հորդորեց այս փուլում զգույշ լինել: Նրա խոսքով, շատերը կգան հանդիպման եւ խոստումներ կտան. տարեցներին` թոշակների, ուսուցիչներին` աշխատավարձերի բարձրացում, բայց խոստումները պետք է դիտարկել որպես խոստում, ոչ թե գործ: “Ձեր քվեն գործիք է”,-ընդգծեց Սարգսյանն ու հավելեց, որ պետք է ուշադիր լինել, թե այդ գործիքը ում ես տրամադրում:
Սերժ Սարգսյանը անդարադարձավ թիվ 19 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու Սեյրան Սարոյանին, ինչպես ինքն է սիրում ասել` գեներալ Սարոյանին: Նախագահը կոչ արեց ընտրություն կատարելուց նայել թեկնածուի անցած ճանապարհը, թե ինչ է արել նա հայրենիքի համար: ՀՀԿ առաջնորդը ասաց, որ չի ուզում երկար դասախոսություն կարդալ եւ ցանկանում է անմիջական շփումներով լսել, թե ով ինչ է ասում, ապա մոտեցավ հավաքվածներին եւ զրուցեց նրանց հետ:
Նախագահին ուղեկցում են տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, ԱԺ պատգամավորներ Սեյրան Սարոյանը, Առաքել Մովսիսյանը: