Մայիսի 6-ին հաջորդելու է մայիսի 7-ը. ՀՀԿ նախագահ
ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը Արմավիրի մարզ այցելության շրջանակներում այցելեց նաեւ Մյասնիկյան համայնքի հիմնանորոգված միջնակարգ դպրոցը: Դպրոցը քայքայման շեմին էր եւ գտնվում էր խարխլված վիճակում: Այսօր այն ժամանակակից ուսումնական հաստատություն է, որտեղ մոտ 600 աշակերտ եւ 44 ուսուցչական կազմը կսովորեն լուսավոր եւ ջեռուցվող պայմաններում:
Նախագահը համայնքի բնակիչների հետ հանդիպմանը շեշտեց, որ մայիսի 6-ին հաջորդելու է մայիսի 7-ը, 8-ը, եւ պետք է այնպես անել, որ այս գործընթացի ընթացքում թշնամությունը չավելանա.
“Յուրաքանչյուրը պետք է իր աշխատավայրում կատարի այն, ինչ պարտավոր է, յուրաքանչյուրը պետք է լավ աշխատի,-նշեց նախագահն ու հավելեց,-մենք պետք է այնպես անենք, որ ուրիշի բեռը թեթեւացնենք, այլ ոչ թե բեռ դառնանք”:
Նախագահի խոսքով` պետք է հավատալ, որ մենք ի վիճակի ենք անցկացնելու քաղաքակիրթ եւ լավ ընտրություններ: Նա շնորհակալություն հայտնեց համայնքի բնակիչներին` սատարելու համար եւ նկատեց. “Եթե ես եմ վատ աշխատում, թող ես ամաչեմ, եթե կառավարությունն է վատ աշխատում, թող կառավարությունն ամաչի, բայց դուք պետք է լավ աշխատեք: Ձեզնից յուրաքանչյուրը շատ բան կարող է անել”: