25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Աննախադեպ տուրուդմփոց Թեղուտում` գյուղացիների ու կոմբինատի անվտանգության աշխատակիցների միջեւ

Երեկ երեկոյան Թեղուտ համայնքում ծեծկռտուք է բռնվել “Թեղուտ” ՓԲԸ անվտանգության աշխատակիցների եւ Թեղուտի գյուղացիների միջեւ:  “Մի կաթիլ մեղրի նման մի բան  է եղել, կոնկրետ պատճառ չկա: Գյուղացիներից մեկը մեքենայով անցել է, փոշի է բարձրացել ու վեճը դրանից է ծագել ու ընթացք  ստացել”,- Henaran.am-ին պատմեց Թեղուտի համայնքապետ Հարություն Մելիքսեթյանն ու հավելեց, որ վերջին 8 տարիների ընթացքում այս ծավալի վիճաբանություն գյուղում առաջին անգամ է գրանցվում:

Ծեծկռտուքի արդյունքում, որին մասնակցել են  6 թեղուտցիներ եւ ընկերության շուրջ 20 անվտանգության աշխատակիցներ,  Թեղուտի բնակիչ, 24-ամյա  Հրաչյա Ղորխմազյանը  կոտրվածքներով տեղափոխվել է մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկը:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Անուբաղ Համբարյանը, “Թեղուտ” ՓԲԸ-ի վարչության պետ Ռուբիկ Պապոյանը:

Ծեծկռտուքից հետո թեղուտցիները այսօր առավոտյան  փակել են  “Թեղուտ” ՓԲԸ  տանող ճանապարը: Ճանապարհը բացվել է միայն Լուռու մարզպետ Արթուր Նալբանդյանի միջամտությամբ, որը նույնպես  տեղում է եղել:

Ինչպես Henaran.am-ին փոխանցեց   Լոռու մարզի քննչական բաժնի պետ Թաթուլ Շուշանյանը, դեպքի առիթով ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի տարածքային բաժնում նյութեր են նախապատրաստվում, նշանակված են դատաբժշկական փորձաքննություներ: Շուշանյանի խոսքով, առայժմ հայտնի են 3 տուժածներ, հնարավոր է, որ քննության ընթացքում նրանց թիվն ավելանա: Այլ մանրամասներ Թաթուլ Շուշանյանն առայժմ չհաղորդեց:

Henaran.am-ը միջադեպի վերաբերյալ զրուցել է նաեւ“Թեղուտ” ՓԲԸ-ի վարչության պետ Ռուբիկ Պապոյանի հետ: “Որորշ աշխատակիցների եւ  գյուղացիների միջեւ ոչ հաճելի բախում է տեղի ունեցել: Առաջին քայլը, որ մենք կարող էինք անել, վեճի անմիջական մասնակից որոշ աշխատակիցներին աշխատանքից ազատելն է  եղել, մնացածն արդեն իրավապահների խնդիրն է”,- մեզ հետ զրույցում միջադեպն այսպես մեկնաբանեց Ռուբիկ Պապոյանը: Նա ընդգծեց, որ տեղի ունեցածը ընկերության գործունեության հետ որեւէ կապ չունի:

Ի դեպ, աշխատանքից ազատվել են “Թեղուտ” ՓԲԸ անվտանգության ծառայության պետ Սամվել Դավթյանն ու ծառայության պետի տեղակալ Արթուր Գիգոլյանը:

Մեր ունեցած տեղեկություններով,  “Վալեքս” ընկերության նախագահ Վալերի Մեջլումյանը այս օրերին Մոսկվայում է գտնվում: Նա տեղեկացել է միջադեպի մասին եւ ամենայն հավանականությամբ այսօր կվերադառնա Հայաստան:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ