Աշոտյանը մեկնաբանեց իր հրամանագիրը եւ փարատեց բրյուսովցիներին
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը “Ֆեյսբուք” սոցիալական ցանցի իր պատին մեկնաբանել է այսօր ստորագրած երկու հայտնի հրամանագրերը:
Henaran.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նախ երկրորդ “խիստ նկատողությունն” է հայտնել Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտորին, այնուհետ ստորագրել է Սուրեն Զոլյանի լիազորությունները դադարեցնելու եւ նրա պայմանագիրը լուծելու մասին հրամանագիրը:
Մեկնաբանության մեջ ԿԳ նախարարը, մասնավորապես նշում է.
“Հարգելի ֆեյսբուքահայություն:
Այսօրվա իմ հրամանը մեծ հետաքրքրություն է առաջացրել:
Ստանում եմ բազմաթիվ հարցեր, նամակներ, զանգեր, գրություններ նախկին և ներկա ուսանողներից, աշխատակիցներից, այլ քաղաքացիներից:
Շնորհակալություն եմ հայտնում նրանցում հայտնվող աջակցության համար:
Միաժամանակ, որոշ հարցադրումներում կան նաև տարակուսանքի, անհանգստության և անհամաձայնության դրսևորումներ:
Մի կողմ թողնելով հարցի հուզական կողմը, ուզում եմ հայտնել հետևյալը`
1. Աբսուրդային են այն լուրերը, թե Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանը լուծարվելու է:
2. Համալսարանի և ոչ մի ուսանող այս ընթացքում չի տուժել և չի տուժելու, դասերը, ստուգարքները, քննությունները շարունակվելու են սովորական ռեժիմով:
3. Այս տարվա շրջանավարտները կստանան իրենց հասանելիք դիպլոմները:
4. Դիպլոմում սխալ մասնագիտական գրառմամբ ոչ մի նախկին շրջանավարտ անհանգստանալու կարիք չունի: Մեր մեղքն է, որ այդ խախտումը ուշ է հայտնաբերվել, և ոչ թե ձեր:
5. Ս. Զոլյանը ազատվել է աշխատանքից ՀՀ գործող օրենսդրության շրջանակներում: Հարցի իրավական մանրամասնությունները պատրաստ ենք ներկայացնել դատարանում:
6. Հարցը չունի քաղաքական ենթատեքստ: Սակայն որոշ քաղաքական շրջանակներ և քաղաքականացված և ուղղորդված ԶԼՄ-ներ փորձում են շահարկել այն:
Հ.Գ. Հարգում եմ Ս. Զոլյանի մասնագիտական կարողություններն ու վաստակը, ցավում եմ իր անվայելուչ ու հայ մտավորականին ոչ հարիր պահվածքի համար:
Ինձ համար չկան արտոնյալ պայմաններում աշխատող մարդիկ
Կան պետություն, օրենքներ, ՀՀ քաղաքացիներ:
Հարգանքով` Ա.Աշոտյան”: