“Մեր թագավորը բայեվոյ մարդ ա, սուտ խոսող չի…” /վիդեո/
Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերում ՀՀԿ առաջնորդ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը անձամբ շփվեց ընտրողների հետ, լսեց նրանց: Իհարկե, նախագահը խոստովանեց, որ միանգամից փոփոխություններ չեն լինի, պետք է հավատալ եւ առաջիկա 5 տարում շատ բան կփոխվի:
Գորիսեցի 74-ամյա Եվգենիա Ասրյանը չէր հոգնել, մեկ ժամ առաջ եկել էր առաջին շարքերում կանգնել, որպեսզի անձամբ նախագահին իր խնդրանքը ասի: “Ավանդներն եմ ուզում ասեմ շուտ տա, երկու կոպեկ փող ունենք”,-Henaran.am-ին ասաց Եվգենիա տատը:
Նա մարտական էր տրամադրված եւ ասաց, որ Հանրապետականին է քվեարկելու: “Բա էլ ուրիշ ո՞ւմ, նախագահը մեր գյուղացի ա, իրան թողնեմ, ուրիշի տամ ձայնս”,-ասաց նա: Նշենք, որ տիկին Եվգենիան իր հաշվարկներում չէր սխալվել: Գորիսում ելույթ ունենալուց հետո նրան մոտեցավ նախագահը:
Ջերմուկ քաղաքում էլ Մուշեղ Համբարձումյանը չէր կասկածում ՀՀԿ-ի հաղթանակին:Նա նախագահի հետ հանդիպմանը թոռան հետ էր եկել: ” Միշտ ՀՀԿ-ի վստահված անձն եմ եղել եւ հաղթելու ենք”,-ասաց անկուսակցական ընտրողը: Մալիշկա գյուղի բնակչուհի Ռիտա Խալաթյանը “գյուղամեջ էր եկել թագավորին տեսնելու”:
“Տեսնեմ, ավանդների հարցը տամ, էն Արթուր Բաղդասարյանը խաբեց, փողերը չտվեց, սուտ խոսող են բոլորը”,-ասաց տիկին Ռիտան: Վերջինս նախագահի տիկնոջն էլ է շատ սիրում: “Իրան էլ սրտանց ընտրելու եմ, սուտ խոսող չի, բայեվոյ ա”,-ասաց մալիշկեցի ընտրողը: