“Ժառանգությունը” ժամավաճառությամբ չի ուզում զբաղվել. Րաֆֆի Հովհաննիսյանը միասնական շտաբին հաջողություն մաղթեց
՛՛Ժառանգության՛՛ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ ապրիլի 24-ին ՛՛Ժառանգությունը՛՛ ոչ մի տեսակի քարոզարշավ չի իրականացնելու, այլ որպես ժողովրդի մի մաս, այցելելու են Ծիծեռնակաբերդ:
՛՛Քարոզարշավին մնացել է 12 օր, մտնում ենք վճռական փուլ, այս ընթացքում նկատել ենք շատ ընտրախախտումներ, որ պետական նշանակության շենքերում գործում են նախընտրական գրասենյակներ, կա մարդկանց ցուցակագրելու երեւույթը, որի մասին մենք բարձրաձայնելու ենք համապատասխան մարմիններին՛՛,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Ինչ վերաբերում է ընտրությունների վերահսկման միջկուսակցական շտաբի ստեղծմանը, որին ՛՛Ժառանգությունը՛՛ հրաժարվեց միանալ՝ կուսակցության առաջնորդների ստորագրության բացակայության պատճառով, ապա ՛՛Ժառանգության՛՛ առաջնորդը նշեց, որ իրենց յուրաքանչյուր քայլն ուղղված է` ուժեղացնելու նմանատիպ նախաձեռնությունները, ահա ինչու ՛՛Ժառանգությունը՛՛ ի սկզբանե առաջարկել էր նախաձեռնության տակ ունենալ նաեւ կուսակցությունների առաջնորդների ստորագրությունները, ինչը մերժվեց:
՛՛Ինչեւէ մենք հաջողություն ենք մաղթում ընտրությունների վերահսկման միջկուսակցական շտաբի գործունեությանը: Բոլորս էլ կհետեւենք, թե ինչպես է այն գործելու եւ ինչպես է լուծելու իր առջեւ դրված խնդիրները՛՛,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ հավելելով, որ ՛՛Ժառանգությունը՛՛ չի ուզում զբաղվել ժամավաճառությամբ կամ ձեւականություններով:
Պատասխանելով լրագրողների այն հարցին՝ ճիշտ են արդյոք այն լուրերը, թե Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ, եւ որ ՛՛Ժառանգությունը՛՛ համագործակցում է Հանրապետական կուսակցության հետ, Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց.
՛՛Սուտ լուրեր են, ոչ մի հանդիպում չի եղել Սերժ Սարգսյանի հետ: Այդ խոսակցությունները սկսվել են այն բանից հետո, երբ մի ասուլիսի ժամանակ ասել եմ, որ եթե անցկացվեն արդար ընտրություններ, եւ ՛՛Ժառանգությունը՛՛ կազմի մեծամասնություն խորհրդարանում, ապա չենք բացառում, որ այս կամ այն կերպ կհամագործակցենք փոքրամասնություն կազմած որեւէ ուժի հետ՛՛:
“Ժառանգության” առաջնորդը նշեց, որ ի սկզբանե ներում է այն քաղաքական ուժերին, որոնք կեղծավոր եւ սուտ հայտարարություններ են տարածում ՛՛Ժառանգության՛՛ հասցեին, անգամ նրանց, ովքեր հեգնում կամ ծաղրում են իրենց: