Ոստիկանը կաշառք է վերցրել` աղցանի տեսքով
Շվեդական ոստիկանության աշխատակիցը խիստ նկատողություն է ստացել այն բանի համար, որ երթեւեկության կանոնները խախտող վարորդից կաշառք է վերցրել աղցանի տեսքով: Միջադեպը տեղի է ունեցել դեռեւս 2011-ին, սակայն ոստիկանությունը գործի հետաքննությունը նոր է ավարտել:
Դեպքը տեղի է ունեցել 2011-ի սեպտեմբերին, ոստիկանը կանգնեցրել է մի մեքենա, որի վարորդն անվտանգության գոտին ամրացրած չի եղել: Ոստիկանը բացատրել է վարորդին, որ ստիպված է տուգանել նրան, ինչպես նաեւ պահանջել է նրա փաստաթղթերը: Պարզվել է, որ վարորդը ռեստորանի սեփականատեր է եւ փաստաթղթերն էլ մոռացել է այնտեղ:
Վարորդն առաջարկել է ոստիկանին ուղեկցել մինչեւ իր ռեստորան, որից հետո ոստիկանը հայտնել է, որ չի տուգանի վարորդին, եթե վերջինս նրան աղցան հյուրասիրի: Ոստիկանը կերել է 7 եվրո արժողությամբ աղցանը եւ առանց վարորդին տուգանելու հեռացել, որից հետո վարորդը միջադեպի մասին պատմել է ոստիկանությունում աշխատող իր ընկերոջը, ով բողոք է ներկայացրել գործընկերոջ դեմ: