ՕԵԿ նախկին խոսնակը կուսակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել
ՕԵԿ նախկին խոսնակ Սուսաննա Աբրահամյանը ՕԵԿ-ից դուրս գալու դիմում է ներկայացրել: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում հայտնեց Սուսաննա Աբրահամյանը. ”Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ այսօր փոստով ուղարկել եմ կուսակցությունից դուրս գալու իմ դիմումը”:
Henaran.am-ի հարցին, թե ինչո՞ւ կուսակցությունից դուրս գալու որոշումն այս փուլում կայացվեց, Սուսաննա Աբրահամյանն ասաց.”Հարցը հետին պլան էր մղվել` հաշվի առնելով իմ զբաղվածությունը, հանդիպումները տարբեր միջազգային կառույցների հետ, որի ընթացքում քննարկվել են տարբեր ծրագրեր ու առաջարկներ”:
Սուսաննա Աբրահամյանը նշեց նաեւ, որ իր որոշումը կայացնելիս չի շտապել, որովհետեւ վեց տարի շարունակ եղել է քաղաքական կառույցի մեջ եւ շտապողականությունն այս առումով, արդարացված չէր կարող լինել: “Ես ծանրակշիռ որոշում եմ կայացրել եւ վերջնական քայլ եմ կատարել”,-նշեց մեր զրուցակիցը:
Henaran.am-ի դիտարկմանը, թե արդյո՞ք կուսակցությունից դուրս գալն անակնկալ կլինի ՕԵԿ-ի համար, Սուսաննա Աբրահամյանը պատասխանեց.”Իմ քայլերի հաջորդականությունը եւ ԶԼՄ-ների անդրադարձը ցույց է տալիս, որ իրենց համար սա չպետք է անակնկալ լինի, արդեն մեկ ամիս է այս հարցը պարբերաբար շրջանառության մեջ է դրվում’:
Ինչ վերաբերվում է ՕԵԿ համամասնական ցուցակում մնալ-չմնալու հարցին, Սուսաննա Աբրահամյանն ասաց, որ այս պահի դրությամբ դեռ ինքնաբացարկի դիմում չի ներկայացրել ԿԸՀ. “Կարծում եմ դեռ ժամանակ կա եւ այդ ուղղությամբ ես կմտածեմ: Տրամաբանությունը հուշում է, որ հաջորդ քայլը դա կլինի”:
Հիշեցնենք, որ ՕԵԿ համամասնական ցուցակի հրապարակումից հետո կուսակցության նախկին խոսնակ Սուսաննա Աբրահամյանը դժգոհ լինելով ցուցակում իրեն հատկացված երեսունվեցերերոդ հորիզոնականից, հրաժարական էր տվել: Նա նշել էր, որ կուսակցության ղեկավարը իրեն ըստ արժանվույն չի գնահատել: