Ի տարբերություն նախորդների, այս ընտրություններին ինտելեկտը կարեւորվում է. Վարդան Դեւրիկյան
Այս ընտրություններում, ի տարբերություն նախորդների, որոշակի տեղ է հատկացված ինտելեկտին: Այսօր “Հենարան” մամուլի ակումբում նման կարծիք է հայտնել գրականագետ Վարդան Դեւրիկյանը, միեւնույն ժամանակ արձանագրելով, որ իշխանական ու նյութական ռեսուրսները նույնպես իրենց դերն ունեն: Վարդան Դեւրիկյանն ընդգծել է, որ ինտելեկտն այս ընտրություններում առաջ է մղվում ` ի դեմս լրագրողների:
Սա գրականագետը երկու հանգամանքով է բացատրում. “Առաջին պատճառն այն է, որ ինքը` օբյեկտիվ լրագրությունը, քաղաքականացաված է եւ լրագրողները ներգրավվում են քաղաքական գործընթացներին: Երկրորդը` սկսել է գիտակցվել խոսքի կարեւորությունը: Եթե մենք ավելի դասական երկիր լինեինք, ցանկալի կլիներ, որ այդ ինտելեկտն արտահայտվեր իրավաբանների եւ տնտեսագետների միջոցով, բայց անկախ ընտրությունների արդյունքից, ես սա համարում եմ մեծ հաղթանակ”,-նշել է բանախոսը:
Վարդան Դեւրիկյանի խոսքով, այն դերը, որ վերապահված է այսօր մամուլին, եթե մամուլը շարունակի կատարել, մենք կունենանք որակապես նոր հասարակություն: Դեւրիկյանը հավելել է, որ ասվածը չի նշանակում, թե մեր հասարակությունը մնացել է լրագրողների հույսին, բայց հասարակության համար ինտելեկտը ճանապարհ գտավ խոսքի միջոցով:
Ընտությունների երկրորդ կարեւոր գաղափարն, ըստ Դեւրիկյանի, այն է, որ օդի մեջ սավառնում է փոփոխության գաղափարը.”Անգամ կարգախոսների մեջ է դա արտահայտվում: Կամ երկրում ամեն բան այնքան է վատացել, որ հրամայական է դարձել փոփոխությունը, կամ ամեն ինչ այնքան էլ վատ չէ եւ հասարակությունն ավելի քաղաքակրթվել է եւ ինքն է փոփոխություններ պահանջում”:
Ասուլիսի մյուս բանախոսը` հոգեբան Սամվել Խուդոյանը եւս դրական է գնահատել լրագրողների ներգրավվածությունը ընտրական գործընթացներին եւ նշել է, որ սա վկայությունն է այն բանի, որ հասարակությունը մտածում է, որ այս անգամ ոչ թե փողը կամ ընտրակաշառքը կարող է աշխատել, այլ` փիարը:
Անդրադառնալով քարոզարշավին, հոգեբանը կարծիք է հայտնել, որ այստեղ որեւէ էական փոփոխություն չկա: “Սովորաբար քարոզարշավի ժամանակ հաշվարկում են, թե ահա այս տարածաշրջանում այս խավի համար ինչ պիտի խոսել, բայց մեզ մոտ բոլորը նույնն են, հաճախ ելույթները կենացների ու բարեմաղթանքնների են վերածվում”,-ասել է Սամվել Խուդոյանը եւ հավելել, որ քարոզարշավի ընթացքում քաղաքական ուժերի մի մասն ասում է` մենք լավն ենք, մեզ ընտրեք, մյուսները պնդում են` նրանք վատն են, մեզ ընտրեք, իսկ երրորդները` եւ այն են ասում, եւ մյուսը:
Հոգեբանն ասել է նաեւ, որ հանրության համար ավելի ընկալելի են անուղղակի հրահանգները, իսկ ուղղակի կոչերը կարող են հակառակ ազդեցությունն ունենալ: Սամվել Խուդոյանը քաղաքական ուժերի կարգախոսներից հոգեբանական առումով ազդեցիկ է համարել միայն ՀՅԴ-ինը: