Եթե պատգամավոր ընտրվի Լֆիկ Սամոն, ոչ ոք չի զարմանա. Նիկոլն ասում է, թե երբ Հայաստանը կալեկոծվի զարմանքից
Հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը, Երեւանի թիվ 7 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածու, ՀԱԿ անդամ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է էիվ 7 ընտրատարածքի ընտրողներին ուղղված իր նամակը:
Նիկոլ Փաշինյանը նշում է, որ յուրաքանչյուր ընտանիքի հասցեագրված է հենց իրեն ուղղված նամակ. ծրարի վրա գրված է կոնկրետ հասցե եւ հասցեատեր: Նիկոլ Փաշինյանի` ընտրողներին ուղղված նամակում, մասնավորապես, ասվում է.
”Իմ անունը Նիկոլ Փաշինյան է: “Հայկական ժամանակ” թերթի գլխավոր խմբագիրն եմ, Հայ ազգային կոնգրեսի անդամ, նախկին քաղբանտարկյալ: Հիմա պատգամավորի թեկնածու եմ Երեւանի թիվ 7 ընտրատարածքում, որի ընտրող եք Դուք: Իմ անունը առկա է նաեւ Հայ ազգային կոնգրեսի համամասնական ցուցակի 7-րդ տեղում: Գիտեմ` հոգնել եք, երբեմն` զզվել պատգամավորի զանազան թեկնածուներից, որ գալիս են ու գնում, իսկ Դուք մնում եք Ձեր հոգսերի ու խնդիրների հետ: Եւ չնայած սրան, ուզում եմ լինել Ձեր պատգամավորը: Ոչ թե “դեպուտատ” եմ ուզում դառնալ, այլ ուզում եմ լինել Ձեր պատգամավորը, որովհետեւ պատգամավոր` նշանակում է լինել ընտրատարածքի մարդկանց հավաքական կամքի, ցանկությունների, երազանքների կրողը, պայքարել նրանց պրոբլեմների լուծման համար:
Չեմ խոստանում ասֆալտ փռել, որովհետեւ դա պատգամավորի գործ չէ: Խոստանում եմ պարտադրել քաղաքապետարանին, որ անեն ավելի շատ ասֆալտ, քան անում են ընտրությունից ընտրություն: “Օգնություն” չեմ բաժանում. դա պատգամավորի գործ չէ: Բայց խոստանում եմ հետեւողական լինել, որ “բարեգործները” վճարեն օրենքով սահմանված հարկերը, եւ այն, ինչ Ձեզ առաջարկվում է որպես “լավություն”, ստանաք որպես վաստակած հասանելիք` թոշակի, նպաստի, աշխատավարձի, ձեւով: Պրոթեզ, կամ ակնոցներ չեմ բաժանում, վիրահատության չեմ տանում, բայց խոստանում եմ հետեւողական լինել, որ պետպատվերով հասանելիք արժանապատիվ բուժսպասարկումից օգտվեք առանց ծանոթի: Իմ խնդիրն է դառնալ Ձեր “ծանոթն” ու բարեկամը կառավարության, թաղապետարանի, պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների հետ Ձեր օրինական հարաբերություններում:
Չեմ ասում, թե ընտրատարածքը դրախտ եմ դարձնելու: Սխալ չհասկանաք: Մի բանում վստահ եղեք. իմ ընտրության դեպքում Ձեզ հետ հաշվի են նստելու. երաշխավորում եմ: Ձեզ լսելու են, Ձեր ասածները ականջի ետեւ չեն գցելու, ու մենք իրար հետ լինելու ենք դուխով եւ ուժեղ:
Եթե պատգամավոր ընտրվի Լֆիկ Սամոն, ոչ ոք չի զարմանա: Երբ Դուք ինձ դարձնեք Ձեր պատգամավորը, Հայաստանն ալեկոծվելու է զարմանքից, Ձեր շնորհիվ, Ձեր որոշմամբ` նորոգվելու է Հայաստանի հավատը: Հիմա մի որոշեք ոչինչ. մինչեւ մայիսի 6-ը ժամանակ կա: Ու եթե մտքներովդ անցավ ինձ դարձնել պատգամավոր, ոչ ոքի մի ասեք այդ մասին: Դա թող լինի մեր գաղտնիքը: Ժպտացեք խորհրդավոր: Եկեք անակնկալ մատուցենք Հայաստանին:
Ձեր` Նիկոլ Փաշինյան
Հայ ազգային կոնգրես”: