Տաքսու վարորդը դիմել է ոստիկանություն` փողի փոխարեն մարիխուանա են վճարել
Ոստիկանությունը ձերբակալել է Մյունխենի մի բնակչի, որի դեմ բողոք է ներկայացրել տաքսու վարորդը, որին գերմանացին փորձել է վճարել մարիխուանայով:
Երբ տաքսու վարորդը երիտասարդին գրեթե տուն է հասցրել, վերջինս հայտնել է նրան, որ ինքը փող չունի, սակայն կարող է փոխարենը վճարել մարիխուանայով: Ընդ որում, վարորդը նկատել է, որ իր հաճախորդն ալկոհոլի ազդեցության տակ է:
Հաճախորդին իջեցնելով` տաքսու վարորդն անմիջապես զանգահարել է ոստիկանություն եւ հայտնել երիտասարդի հասցեն: Սակայն չի ճշտվել` վարորդը վերցրել է երիտասարդից մարիխուանան, թե` ոչ:
Ժամանելով երիտասարդի տուն` ոստիկանները հայտնաբերել են կանեփի մի ամբողջական պլանտացիա` 31 թուփ: Բացի դրանից, հայտնաբերվել է նաեւ 353 գրամ մարիխուանա եւ 5 գրամ հաշիշի յուղ:
Երիտասարդը հայտնել է, որ ինքը վաճառքի համար չէ աճեցրել թմրախոտը, այլ պարզապես անձնական օգտագործման: Ինչեւէ, նրան դատարան են տարել, թեեւ մեղադրանք չեն հարուցել: