Գալուստ Սահակյանը՝ միջկուսակցական շտաբի մասին
Այն մարդիկ, ովքեր երկու տարվա ընթացքում վաուչերներով տիրացան գործարանների, նրանք մեզ տնտեսական խորհուրդներ տալու իրավունք չունեն: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով ՀՀԿ-ի հասցեին հնչող քննադատություններին:
Նրա համոզմամբ՝ որոշ քաղաքական ուժեր այս քարոզարշավի ընթացքում սպառեցին իրենց ասելիքը, հետո սկսեցին կրկնվել, իսկ երբ էլ ասելիք չմնաց, սկսեցին գնալ ինտրիգների ճանապարհով, որ խոսակցությունները չդադարեն ինտրիգների մասին:
“Բոլոր քաղաքական ուժերի համար այս քարոզարշավի ընթացքում դաշտը բաց է եղել եւ ոչ մի խաչընդոտներ չեն եղել, եւ բոլորն էլ հնարավորություն են ունեցել կազմակերպել իրենց քարոզարշավը”,- հայտարարեց Գալուստ Սահակյանը: Ինչ վերաբերում է քաղաքական բանավեճերին, որին ՀՀԿ-ն այդքան էլ չի ցանկանում մասնակցել, ապա բանախոսը կարծիք հայտնեց, որ այն քաղաքական ուժերն են վիճում, որոնք հավասարազոր են իրենց ուժերով:
“Օրինակ, ինչ վիճենք մի քաղաքական ուժի հետ, ով քարոզարշավի սկզբից ասում է, որ 50 տոկոսից ավելի ձայներ է ունենալու: ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն քարոզարշավի առաջատարներն են: Այն ուժերը պիտի միմյանց հետ բանավիճեն ու փորձեն մյուսներից ավելի լավը երեւալ, որոնք իրականում տաս տոկոս ձայների են ձգում”,- ասաց Գալուստ Սահակյանը:
Անդրադառնալով ընտրությունների վերահսկման միջկուսակցական շտաբի գործունեությանը, ՀՀԿ-ական գործիչը համոզմունք հայտնեց, որ հենց սկզբից էլ այդ շտաբը իմիտացիոն սկզբունքով է առաջնորդվել, այդպես էլ գնում է:
“Չի կարելի ժողովրդի աչքին թոզ փչել, մինչ այսօր նրանց չհաջողվեց անգամ գոնե մեկ կազմակերպված դեգլարատիվ փաստաթուղթ ձեւավորել, ահա ինչու նրանք գնում են իմիտացիոն եւ ինտրիգային ճանապարհով”, -ասաց նա: