Ընտրություններից 2 օր առաջ Սարկոզիի եւ Օլանդի վարկանիշերը գրեթե հավասարվել են
Ֆրանսիայի նախագահական ընտրությունների 2-րդ փուլից 2 օր առաջ գործող նախագահ Նիկոլա Սարկոզին իր վարկանիշով արդեն բավականին քիչ է զիջում իր հիմնական մրցակից Ֆրանսուա Օլանդին, ինչի մասին վկայում են սոցհարցումների արդյունքները, տեղեկացնում է “Reuters”-ը:
“Harris Interactive”-ի հարցման համաձայն, որն անց է կացվել մայիսի 2-ի նախագահի 2 թեկնածուների հեռուստաքննարկումից հետո, Օլանդի օգտին պատրաստ է քվեարկել ֆրանսիացիների 53 տոկոսը, իսկ Սարկոզիի օգտին` 47 տոկոսը: Ապրիլի վերջին անցկացրած հարցումների համեմատությամբ Սարկոզիի վարկանիշը բարձրացել է 2 տոկոսով:
Ընդ որում, հարցման մասնակիցների 31 տոկոսի կարծիքով` հեռուստաքննարկման ժամանակ ավելի վստահ է եղել Օլանդը, իսկ 29 տոկոսը կարծում է, որ Սարկոզին էր իրեն ավելի վստահ զգում:
Նախագահական ընտրությունների 2-րդ փուլը, որին կմասնակցեն միայն գործող նախագահ Նիկոլա Սարկոզին եւ Ֆրանսուա Օլանդը, կկայանա մայիսի 6-ին: Առաջին փուլում Օլանդը հավաքել էր ձայների 28,63 տոկոսը, Սարկոզին` 27,18 տոկոսը: