Սարկոզին հաստատել է իր հանձնառությունը` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծն անցկացնելու վերաբերյալ
Ֆրանսիայի գործող նախագահ եւ նախագահի թեկնածու Նիկոլա Սարկոզին հաստատել է իր մտադրությունը` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի նոր տեքստ ներկայացնելու մասին, տեղեկացնում է “Nouvelles d`Arménie”-ն: Նա իր մտադրության մասին հայտնել է 2 նամակներում` ուղղված Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ղեկավարին եւ համանախագահին:
Նամակում մասնավորապես ասվում է. “Ապրիլի 24-ին ես ներկա գտնվեցի Հայոց ցեղասպանության 97-ամյա տարելիցին նվիրված միջոցառմանը: Ես շատ ուրախ էի ձեզ տեսնելու համար եւ եւս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում հրավերի համար: Հայ ժողովուրդը դարձել է ամբողջական ազգ ոչնչացնելու առաջին կազմակերպված գաղափարի զոհը: Հայ գաղթականները դարձել են մեր երկրի հարազատ որդիները` շատ բան տալով մեր երկրին իրենց հարուստ մշակույթի շնորհիվ: Ֆրանսիայի համար պատիվ է եղել հայերին ընդունելը, այժմ մեր երկրի համար է պատիվ` պայքարել Հայոց ցեղասպանության ճանաչման համար:
Այս միջոցառումն ինձ հնարավորություն տվեց հիշեցնել իմ պարտավորության մասին` հաստատել ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Հարգելով Սահմանադրական խորհրդի որոշումը` ես, միեւնույն է, ցանկանում եմ, որ օրինագծի տեքստը ներկայացվի խորհրդարանում հունսիսին: Համոզված եղեք, որ ես շարունակելու եմ պայքարել արդարությունը հաստատելու համար”:
Ֆրանսիայի նախագահի մյուս թեկնածու Ֆրանսուա Օլանդն իր հերթին եւս խոստացել է զբաղվել օրինագծի հաստատմամբ` նշելով, որ դա կանի “ընտրվելուց հետո` խաղաղ վիճակում”: Իսկ ահա Սարկոզիի շտապողականությունը նա համարում է P.R.-ի դրսեւորում: