Խոնարհվում եմ ձեր իմաստության ու ձեր կամքի առջեւ. Սերժ Սարգսյան
ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Հանրապետության Հրապարակում
Բա՛րեւ Երեւան, այս պահին ուղիղ կապով մեզ դիտում են նաեւ Գյումրու հրապարակում,
Բա՛րեւ Գյումրի, եւ վերջապես,
Բա՛րեւ Հայաստան:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Անցավ քարոզարշավի մեկ ամիսը: Մեկ ամսվա ընթացքում հարյուր հազարավոր մեր քաղաքացիների հետ կրկին դեմ առ դեմ հանդիպելու բախտավորությունն եմ ունեցել: Նայել եմ հարյուր հազարավոր աչքերի մեջ, կանգնել եմ հարյուր հազարավոր հոգսերի ու դարդերի առջեւ, հարյուր հազարավոր հույսերի ու նպատակների առջեւ, հարյուր հազարավոր հիասթափությունների ու ծածուկ հավատի առջեւ: Մեն-մենակ: Մեջքիս՝ Հանրապետականի ամրությունը: Մտքիս՝ ընկերներիս նվիրումը:
Եվ այսօր էլ պատրաստ եմ հարյուր հազար անգամ բարձրաձայն կրկնել՝ մենք փառահե՛ղ ժողովուրդ ենք, մենք ունենք հրաշալի՛ հայրենիք եւ մենք պիտի կերտենք նույնքան հրաշալի պետություն՝ հանուն նրա տիրոջ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու:
Հրաշալի բառեր են՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի…
Բարեկամնե՛ր,
Այս ընտրարշավը, որն ահա մոտենում է իր տրամաբանական ավարտին, վկայում է, որ մենք անցյալում ենք թողնում օրերը, երբ քաղաքական մրցակցությունը բռնցքակռիվ էր, լավագույն դեպքում՝ ըմբշամարտ, իսկ իշխանության համար պայքարը, երբեմն՝ արյունահեղ ճակատամարտ: Օրերը, երբ քաղաքական ուժերը ոչ թե խնդրում էին ժողովրդի ձայնն ու նրան ծառայելու պարտականությունը, այլ մեծամտորեն պահանջում իշխելու իրավունքը:
Մենք կարողացանք քաղաքական պայքարը դարձնել մրցավազք, երբ ժողովրդի վստահության քվեին արժանանալու հավակնություն ունեցող յուրաքանչյուրը ոչ թե մարտնչում է հակառակորդի դեմ, երբեմն էլ հենց ժողովրդի դեմ, այլ փորձում է, սեփական արժանիքների վրա հենվելով, տեղ հասնել առաջինը: Տեղ հասնել՝ արժանապատվությունը չկորցնելով ու հասարակության վստահությունը նվաճած:
Մենք ցույց տվեցինք, որ ամուր ենք ոչ միայն մեր բանակի մարտունակությամբ ու մարտական ոգով, այլեւ մեր երկրի քաղաքական կառույցով ու մեր քաղաքացիական հասարակության եռանդով: Ամուր ենք մեր մեծերի խոհեմությամբ ու մեր երիտասարդների ավյունով: Ամուր ենք մեր փոխադարձ սիրո ուժով ու մեր արյան հիշողությամբ:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Այո՛, մեր ժողովրդի բարեկեցության, անվտանգության եւ հարատեւության մասին պետք է հոգանք ինքներս: Ուրիշ ոչ ոք:
Այո՛, մենք եւս մրցում ենք, սակայն մրցում ենք ապրելով ու գործելով մե՛կ նավակում, որ մեր զավակների օրորոցն է:
Այո՛, մեր միջեւ մրցակցությունը այլոց հետ մեր հավաքական մրցունակության լավագույն գրավականն է:
Այո՛, մենք մրցում ենք քաղաքական դաշտում: Սակայն պետականության եւ համազգային գերակայությունները մրցակցությունից դուրս են: Դրանք մրցակցության կանոններն են, որոնք մենք սահմանում ենք եւ պիտի հարգենք ու պահպանենք ինքներս:
Ուրիշ ոչ ոք մեր փոխարեն չի պահպանելու մեր սահմանած կանոնները: Մեր քաղաքակրթության կանոնները: Փոխադարձ հարգանքի մեր սահմանները: Ինքնե՛րս պիտի անենք: Ուրիշ ոչ ոք մեզ դատավոր չէ: Ինքներս ենք մեր դատավորը, մեր սահմանների սահմանապահն ու մեր փոխադարձ հարգանքի մշտարթուն պահապանը:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Վաղը չէ մյուս օրը դուք կատարելու եք ձեր ընտրությունը: Կարեւոր է յուրաքանչյուրիդ ձայնը: Եվ այդ ձայնը լսելի է լինելու:
Այս ընտրարշավը դառնալու է առանձնահատուկ իր քաղաքական պայքարի մշակույթով եւ հարաբերությունների որակով: Արդյունքում պիտի ասենք՝ մրցեցինք ու հաղթեցինք բոլորս: Հաղթեցինք ամեն գնով հաղթելու ձգտմանը ու հաղթեցինք ազգովին:
Տարիներ առաջ ես ձեզ խոստացել եմ, որ հարթելու ենք բոլոր այն անդունդները, որ մեր հասարակությունը բաժանել է մասերի: Խոստացել եմ, որ կազմալուծելու ենք այն պատնեշները, որոնց հետեւում դիրքավորվել էր մեր հասարակությունը: Խոստացել եմ, որ հարթելու ենք այն ժամանակ անհաղթահարելի թվացող խոչընդոտները:
Այսօր հպարտությամբ ու մեր ժողովրդի՝ ձեր առջեւ շնորհակալության անսահման զգացումով ասում եմ՝ մենք հաղթե՛լ ենք: Հաղթել ենք ինքներս մեզ: Անցյալի կապանքները խորտակած ժողովուրդն անխորտակելի է:
Շնորհավորու՛մ եմ ձեզ եւ խոնարհվում ձեր իմաստության ու ձեր կամքի առջեւ:
Շնորհակա՛լ եմ, հարազատնե՛րս:
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը: