Հայաստանում ընտրություններն անցել են ԸՕ եւ միջազգային նորմերին համախատասխան. ԱՊՀ դիտորդական առաքելություն
ԱՊՀ դիտորդական առաքելության ներկայացուցիչներն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրել են մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունների դիտարկման արդյունքները: Դիտորդական առաքելության ղեկավար Վլադիմիր Գումանսկին նախ նշեց, որ դիտորդական առաքելությունը Հայաստան է ժամանել ՀՀ վարչապետի հրավերով: Ընտրությունների ընթացքին հետեւել է ապրիլի 16-ից սկսած:
Դիտորդական առաքելությունը կազմված է 173 հոգուց, որոնք ներկայացնում են Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը, Ուկրաինան, Ռուսաստանը:
Առաքելության անդամ Վլադիմիր Գարկունը նշեց, որ ՀՀ-ում ապահովվել են բոլոր անհրաժեշտ պայմանները ընդտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու համար, դիտորդները հնարավորություն են ունեցել այցելել ՀՀ ողջ տարածքում տեղակայված տեղամասային կենտրոններ:
Ընտրությունները, նրա խոսքով` անցել են ՀՀ օրենսդրությանը եւ միջազգային նորմերին համապատասխան: Վլադիմիր Գարկունը նշեց, որ ընտրական հանձնաժողովները կազմավորվել են օրենքին համապատասխան, աշխատել են մասնագիտորեն եւ հատկապես ընտրությունների նախապատրաստական շրջանում մեծ ծավալի աշխատանք է իրականացվել:
“ՀՀ քաղաքացիները, որոնք իրավունք ունեին մասնակցելու քվեարկությանը, կարող էին եւ իրացրել են իրենց իրավունքը”,-շեշտել է Գարկունը:
Նրա դիտարկմամբ, ԱՊՀ դիտորդական առաքելությունը խախտումներ չի արձանագրել նաեւ նախընտրական քարոզչության շրջանում: Բոլոր քաղաքական կուսակցությունները հնարավորություն են ունեցել իրենց ծրագրերը ներկայացնելու հանրությանը: Դրա համար ապահովվել են բոլոր անհրաժեշտ պայմանները:
Նա դրական է գնահատել նաեւ ընտրությունների ընթացքում ստացված դիմում բողոքներին արձագանքելու նպատակով ստեղծված գլխավոր դատախազաության աշխատանքիային խմբի գործունեությունը: Այն, որ բոլոր բողոքները քննության են առնվել:
Քվեարկության օրը ԱՊՀ դիտորդները եղել են Հայաստանի 978 ընտրատեղամասային կենտրոններում: “Քվերակությունը համապատասխանել է ԸՕ պահանջներին”,-շեշտել է Վլադիմիր Գարկունը: Նա անդրադարձել է նաեւ ընտրությունների ընթացքում արձանագրված որոշ խախտումների, մասնավորապես քվեարկած քաղաքացիների անձնագրերում կնիքի անհետացման խնդիրն են նշել, որ ԿԸՀ-ն հարցին օպերատիվ արձագանքեց:
“Խախտումները տեխնիկական բնույթ են կրել եւ չեն կրել մասսայական բնույթ, որոնք կարող էին ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա: Մենք ճանաչում ենք ընտրությւոնների արդյունքները”,-հայտարարել է Վլադիմիր Գարկունը: