Ո՞վ, ո՞ւմ հետ, ի՞նչպես …
“Ընտրությունների արդյունքների տեսանկյունից միանշանակ հաջողված պետք է համարել “Հանրապետական” -ի համար, որովհետեւ Սերժ Սարգսյանը մոնոլիտ իշխանություն ձեւավորելու հնարավորություն ունեցավ”,-այսօր Henaran.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը` անդրադառնալով մայիսի 6-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներին:
Քաղաքագետի դիտարկմամբ, ԲՀԿ-ն եւս հաջող ավարտեց ընտրարշավը` համամասնական ընտրակարգով կրկնապատկելով իր ներկայությունը խորհրդարանում: Չնայած այս հանգամանքին, Սուրեն Սուրենյանցը կարծում է, որ ԲՀԿ-ի ներկայացվածության չափը խորհրդարանում ուժերի դասավորվածության վրա չի կարող ազդել:
“Հանրապետական”-ը հնարավորություն ունի միանձնյա որոշումներ անցկացնելու, բայց “Բարգավաճ”-ի հաջողությունը նրան հաղթաթուղթ կտա նախագահական ընտրությունների ժամանակ, այսինքն, “Հանրապետականը” կփորձի դարձյալ կոալիցիոն գործընկերությւոն պահպանել “Բարգավաճ”-ի հետ, որպեսզի նախագահական ընտրություներում ավելի ամուր դիրքեր ապահովի Սերժ Սարգսյանի համար”,- Henaran.am-ի ասել է Սուրեն Սուրենյանցը:
“Ժառանգությունն” ու ՕԵԿ-ը, քաղաքագետի համոզմամբ, լուծեցին իրենց խնդիրը`հայտնվեցին խորհրդարանում եւ ավելի մեծ ամբիցիաներ ունենալ չեն կարող: Ինչ վերաբերվում է ՀՅԴ-ին, Սուրեն Սուրենյանցի համոզմամբ, “Դաշնակցությունը” պարտություն կրեց. ոչ միայն նվազեցրեց իր տեղերը խորհրդարանում, այլեւ` ազդեցությունը քաղաքական գործընթացների վրա:
“Ընտրարշավը միանգամայն ձախողված ստացվեց Հայ ազգային կոնգրեսի համար, որովհետեւ գլխավոր ընդդիմադիր ուժի կարգավիճակ ունեցող կուսակցությունը մեծ դժվարությամբ հաղթահարեց 7 տոկոսանոց շեմը”,-կարծիք հայտնեց Սուրեն Սուրենյանցը:
Անդրադառնալով կոալիցիա ձեւավորելու մասին Henaran.am-ի հարցին, Սուրեն Սուրենյանն ասաց, որ եթե առջեւում նախագահական ընտրություններ չլինեին, կոալիցիայի ստեղծումն ուղղակի անհեթեթություն կլիներ, որովհետեւ ՀՀԿ-ն դրա կարիքը չունի խորհրդարանական մեծամասնության եւ կառավարություն ձեւավորելու առումով:
“Բայց, քանի որ դիմացը նախագահական ընտրություններ են եւ “Հանրապետականին” ավելի մեծ քաղաքական համաձայնություն է պետք, կարծում եմ, որ նա ձգտելու է, որ գործող կոալիցիան նույն տեսքով կայանա”:
ԲՀԿ-ի` կոալիցիա չմտնելու հնարավորությունը Սուրեն Սուրենյանցը քիչ հավանական է համարում, չնայած ԲՀԿ-ի քաղաքական խոսնակը դարձած նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հայտարարություններին. “Ես չեմ տեսել որեւէ հրապարակային հայտարարություն, որով պարոն Ծառուկյանը կասկածի տակ դնի կոալիցիոն գործընկերության պահպանման անհրաժեշտությունը”:
Սուրեն Սուրենյանցը հավանական չհամարեց ՀՀԿ-ի կողմից նոր կոալիցիայի ձեւավորումը “Ժառանգության” հետ: Քաղաքագետը քիչ հավանական համարեց նաեւ ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ առճակատումը: “ԲՀԿ-ն իր կառուցվածքով ընդդիմադիր կուսակցություն չէ”,-նշեց նա: