Տեր-Պետրոսյանի ժառանգորդի հարցը` հօգուտ Բագրատյանի՞. ինչ է սպասվում վարչապետին
Երեկ Ազատության հրապարակում կայացած ՀԱԿ հանրահավաքի ժամանակ ՀԱԿ առանջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց Հրանտ Բագրատյանի օգտին խորհրդարանական մանդատից հրաժարվելու մասին: Henaran.am-ը երեկ տեղեկացրել էր, որ ՀԱԿ խմբակցությունը խորհրդարանում կղեկավարի նախկին վարչապետը:
Կուլիսներում համարում են, որ այսպիսով, ըստ էության, լուծում է տրվում ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական ժառանգորդի հարցին: Տեր-Պետրոսյանի քաղաքական ժառանգության համար ՀԱԿ լիդերների, մասնավորապես ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ սուր պայքարի մասին Henaran.am-ը քանիցս գրել է:
Այսօր Henaran.am-ն այս հարցի շուրջ զրուցել է նախկին վարչապետի հետ: Հրանտ Բագրատյանը մեզ հետ զրույցում ասաց, որ երեկ խոսվել է այն մասին, որ Տեր-Պետրոսյանը հրաժարվեց մանդատից եւ ինքը կստանա պատգամավորական մանդատ, իսկ մնացածը ենթադրություններ են, որոնց որեւէ պատասխան տալ չի կարող:
Հրանտ Բագրատյանը վերամբարձ համարեց մեր այն հարցը, թե այսուհանդերձ տեսնո՞ւմ է իրեն ՀԱԿ առաջնորդի ժառանգորդի դրում: “Վերամբարձ հարց եք տալիս, ես ինձ այդպիսի հարց չեմ տալիս, ՀԱԿ-ը 17 կուսակցություններից է բաղկացած, եթե մեկը պետք է լինի, պետք է լինի բոլորի համաձայնությունը”:
Նշենք, որ Հրանտ Բագրատյանի` մանդատ ստանալու փաստն արդեն իսկ քննարկումների առիթ է դարձել այն առումով, որ ապագա խորհրդարանում թեժ է լինելու, եթե վարչապետ Տիգրան Սարգսյանը շարունակի պաշտոնավարել` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հրանտ Բագրատյանը մշտապես սուր քննադատության է ենթարկել կառավարության եւ հատկապես Տիգրան Սարգսյանի վարած տնտեսական քաղաքականությունը:
“Ես որեւէ վարչապետի քիննադատության չեմ ենթարկել: Ես միշտ խոսել եմ քաղաքականության մասին: Անկախ նրանից, ով կլինի վարչապետը, ինչքան ես պատկերացում ունեմ տնտեսության վրաբերյալ, անկեղծորեն կարտահայտվեմ, եթե հնարավորություն տան, որովհետեւ ԱԺ-ում “Հանրապետական” մեծամասնությունը պարզապես խնդիր չունի որեւէ բան քննարկելու”,-Henaran.am-ի վերջին դիտարկմանն այսպես արձագանքեց նախկին վարչապետը: