Արշակ Բանուչյանը մտահոգված չէ, որ իրենց ձայները գնացին ԲՀԿ-ին
Քաղաքացիների մի զգալի հատված իրեն վաճառեց, Հանրապետական կուսակցությունն էլ գնեց: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀԱԿ կենտրոնական գրասենյակի անդամ Արշակ Բանուչյանը՝ “խայտառակ եւ դառը իրականություն” որակելով խորհրդարանական ընտրությունները :
Նրա խոսքով, այնուամենայնիվ, Հայաստանում կա մի տարածք, որը չի վաճառվել, դա ազատ տարածքն է, որը համալրվելու է իրենց ձայնը վաճառած ու հիասթափված քաղաքացիներով:
Մեծամասնականով 11-րդ ընտրատարածքում առաջադրված Արշակ Բանուչյանը նշեց, որ իրեն տրված 4200 ձայները եղել են “հալալ-զուլալ”:
Անդրադառնալով ՀԱԿ-ի հետագա քայլերին, ընդդիմադիր գործիչը հույս հայտնեց, որ ՀԱԿ առաջնորդը կունենա ֆիզիկական ուժ եւ անհրաժեշտ կամք, պայքարելու ժողովրդի լավ ապագայի համար:
Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի հետ համագործակցությանը, նա նշեց, որ ինքը համագործակցել է Դաշնակցության եւ “Բարգավաճ Հայաստան”-ի հետ, եւ այդ համագործակցությունը գնահատում է բարձր, առայժմ զերծ մնալով կանխատեսումներից, թե ինչ ընթացք կունենա այն հետագայում:
՛՛Գուցե ՀԱԿ-ը ձայներ կորցրեց, բայց ո՞ւր գնացին այդ ձայները, Բարգավաճի՞ն, ես դրանով մտահոգված չեմ: Եթե անգամ ձայներ կորցրել ենք, Բարգավաճի հետ համագործակցությունն արդյունավետ է եղել, եւ բացի այդ, մեր կողմից անկեղծ է եղել այդ համագործակցությունը, ինչպիսին է եղել մոտեցումը ԲՀԿ-ի կողմից, ես դա չեմ կարող ասել՛՛,- կարծիք հայտնեց Արշակ Բանուչյանը:
Այլ քաղաքական ուժերի, մասնավորապես Բարգավաճ Հայաստանի հետ դաշինքի վերաբերյալ, նա նշեց, որ չի բացառում ոչինչ: ՛՛Տեսնենք ոնց կլինի, քանի որ Հանրապետական կուսակցությունը դարձել է Հայաստանի միահեծան տերը եւ դա մեծ չարիք է՛՛,- կարծիք հայտնեց ընդդիմադիրը:
ՀԱԿ-ի մանդատները ցած դնելու մասով. Արշակ Բանուչյանի համոզմամբ` մանդատը վայր դնելով՝ չեն կարող ոչինչ փոխել.
՛՛Եթե մանդատը վայր դնելով կհասնենք նոր ընտրությունների անցկացման, եթե մեզ կմիանան Դաշնակցությունը, Բարգավաճը կամ մյուսները, կանենք դա, բայց եթե մանդատ վայր դնելով այդ ամբիոնից պիտի զրկես ժողովրդի մի մասին, ապա դա ինչ իմաստ ունի: ՀԱԿ-ի օրինագծերը հեշտությամբ չեն անցնի, քանի որ 68 միահեծան մանդատի դիմաց շատ դժվար կլինի, բայց մենք չենք կարող վայր դնել ժողովրդի կողմից մեզ վստահված մանդատը”,- ամփոփեց Արշակ Բանուչյանը:
Ընտրությունների արդյունքները վիճարկելու համար ՀԱԿ-ի ՍԴ դիմելու վերաբերյալ բանախոսը կարծիք հայտնեց, որ ՍԴ-ն էլ “ճիշտ նույն ձեւով վաճառված կառույց է”, եւ նրա պատասխանը արդեն իսկ կանխատեսելի է, պարզապես ՍԴ-ն պիտի հասարակությանը ցույց տա, թե զբաղվում է դիմում-բողոքներով:
՛