Էդվարդ Նալբանդյանը ելույթ ունեցավ Չմիացած երկների արգործնախարարների հանդիպմանը
Եգիպտոսի Շարմ էլ-Շեյխ քաղաքում ընթացող՝ Չմիացած եկրների շարժման արտգործնախարարների հանդիպման աշխատանքներին մասնակցող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մայիսի 10-ին հանդես եկավ ելույթով:
Իր խոսքում Հայաստանի արտգործնախարարն ասաց. ‘Ուրախ եմ վերադառնալ Եգիպտոս, որտեղ ապրել եւ աշխատել եմ տասնչորս տարի եւ պահպանում եմ ամենաջերմ հիշողությունները այդ տարիների, երկրի եւ ժողովրդի նկատմամբ’:
Նախարար Նալբանդյանի բնորոշմամբ, հանդիսանալով Չմիացած երկրների շարժման դիտորդ, Հայաստանը կիսում է այդ կազմակերպության արժեքները, որոնք հիմնված են ՄԱԿ-ի կանոնադրության նպատակների եւ սկզբունքների, մարդու հիմնարար իրավունքների հանդեպ հարգանքի հիման վրա:
Անդրադառնալով արցախյան հիմնախնդրին՝ Էդվարդ Նալբանդյանը, դիմելով ներկա արտգործնախարարներին, նշեց, ‘Բոլորդ հասկանում եք Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի այսօրվա հայտարարության քարոզչական բնույթը, որը հավելյալ մեկնաբանության կարիք չունի: Համոզված եմ, որ կարեւոր է այս հարգարժան լսարանին ներկայացնել Ադրբեջանի կողմից այս հանդիպման հայտարարության 382-րդ պարբերության շուրջ իրականացվող մանիպուլյացիայների վերաբերյալ իրողությունը: Ադրբեջանը ընդհամենը մեկ տարի առաջ դարձավ Չմիացած երկրների շարժման անդամ, եւ արդեն փորձում է, շահարկելով իր անդամակցությունը, թյուրիմացության մեջ գցել կազմակերպության անդամ երկրներին՝ ուղղորդելով նրանց միջազգային հանրության դիրքորոշումների դեմ:
Այս պարբերությունը հակասության մեջ է մտնում բանակցային գործընթացի տրամաբանությանը, ոգուն ու ձեւակերպումներին, որոնք արտացոլված են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների ղեկավարների լ՛Աքվիլայում, Մուսկոկայում եւ Դովիլում ընդունված հայտարարություններում, ինչպես նաեւ ԵԱՀԿ շրջանակներում՝ Աստանայի գագաթաժողովին, Հելսինկիի, Աթենքի, Ալմաթիի, Վինլյուսի նախարարական հանդիպումների շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ ընդունված հայտարարություններում:
Այս փաստաթղթերը կարեւորում են միջազգային իրավունքի երեք սկզբունքների՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման իրավունքի եւ տարածքային ամբողջականության՝ որպես Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման անկյունաքարային տարրեր:
Ցավոք, 382-րդ պարբերությունը անտեսում է ինքնորոշման իրավունքի սկզբունքը եւ չի օգտագործում միջազգայինորեն ընդունված ‘Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր’ եզրույթը:
Նման մոտեցումը ոչ միայն վտանգում է բանակցային գործընթացը եւ փխրուն իրավիճակը հակամարտության գոտում, այլեւ հակասում է Չմիացած երկրների շարժման հիմնարար սկզբունքներին: Ժողովուրդների ինքնորոշման իրավունքը շարժման հիմնադրման օրվանից եղել եւ մնում է վերջինիս հիմնասյուներից մեկը, ինչի մասին բարձրաձայնվել է երեկ եւ այսօր հնչեցված նախարարների հայտարարությունների մեծամասնությունում:
Ադրբեջանի համար սովորական է դարձել միջազգային իրավունքի հիմնարար նորմերի եւ ձեռք բերված պայմանավորվածությունների խախտումը: Այդ առումով որեւիցե մեկի համար անակնկալ չէ, որ Ադրբեջանը, հանդիսանալով Չմիացած երկրների շարժման անդամ, շարունակաբար խախատում է ‘Բանդունգի սկզբունքները’՝ խտրականություն եւ ազգային ատելություն քարոզելով: Ինչպես այլ կերպ կարելի է բնութագրել Ադրբեջանի ղեկավարության հայտարարությունները, թե ‘Ադրբեջանի թիվ մեկ թշնամին աշխարհի հայերն են’: Միջազգային կազմակերպությունները համապատասխան գնահատականներ են տալիս Ադրբեջանում քսենոֆոբիայի, ռասիզմի եւ անհանդուրժողականության դրեսեւորումներին’:
‘Բանդունգի սկզբունքներին’ հակասող՝ Ադրբեջանի ղեկավարության շարունակական սպառնալիքները տարածաշրջանային կայունությանը եւ անվտանգությանը, ռազմատենչ եւ թշնամանք սերմանող սադրիչ հայտարարություններն անհարիր են Չմիացած երկրների շարժման անդամ պետությանը եւ ավելին, հարված են հասցնում այս կազմակերպության հեղինակությանը’, – ընդգծեց Հայաստանի արտգործնախարարը:
Henaran.am -ին հաղորդում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից