26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Աղանդները հայերին կուլ են տվել. Ազգ

 Ըստ “Ազգ” օրաթերթի, մեծ ջանքեր են անհրաժեշտ Հայաստանում գլուխ բարձրացրած աղանդավորական շարժումների դեմ պայքարելու եւ դրանք կանխելու համար: 3 մլն բնակչություն ունեցող Հայաստանում աղանդավորների թիվը կազմում է 300-400 հազար:

Աղանդավորները մարդկանց խմբեր են, որոնք չեն ընդունում ավանդական եկեղեցու դավանանքը եւ քարոզում են իրենց առաջնորդի “հորինած” հակաեկեղեցական գաղափարները: Այսօր աղանդավորական խմբերից մեզանում առավել տարածված են հիսունականները կամ հոգեգալստականները, Եհովայի վկաները կամ եհովականները, մորմոնները, բապտիստները: Սրանցից յուրաքանչյուրը վտանգ է սպառնում ոչ միայն մեր եկեղեցուն, այլ նաեւ վտանգավոր է ազգային անվտանգության եւ պետության հիմքերը խարխլելու տեսանկյունից:

Հետեւաբար սրանք ոչ այլ ինչ են, քան վերահաս աղետ Հայ առաքելական սուրբ եկեղեցու համար: Ինչո՞ւ, քանի որ նրանք բոլորը հետապնդում են քայքայիչ, կործանիչ նպատակներ: Նրանց մարտավարությունը տարբեր է, բայց նպատակը` մեկը: Տարբեր են նաեւ նրանց սկզբնապատճառները, թե ե՞րբ ու ինչի՞ համար են առաջացել, ինչո՞ւ են դեմ մեր պետական կրոնին կամ ինչքանո՞վ են դեմ եւ ի վերջո ի՞նչ սկզբունքներ ունեն:

Բապտիստները առաջացել են 17-րդ դարում: Բողոքականության մի տարատեսակ են, որոնք մկրտությունն ու հաղորդությունը համարում են սոսկ եկեղեցական կարգ, որը խորհրդավորություն չունի: Կնքվում են միայն մեծահասակները:

Մորմոնները չեն ընդունում քրիստոնեական խորհրդանիշները` համարելով, որ դրանք ստեղծել է ոչ թե Աստված, այլ մարդը: Այս աղանդը ստեղծել է Ժոզեֆ Սմիթը 1830-ին ԱՄՆ-ում:

Հիսունականները կամ հոգեգալստականները նույնպես առաջացել են ԱՄՆ-ում 19-20-րդ դարերում: Անվանումը կապված է Գործք առաքելոցում հիշվող Հոգեգալստյան տոնի հետ, երբ Սուրբ Հոգին առաքյալների վրա է իջել Քրիստոսի հարության հիսուներորդ օրը, ինչի շնորհիվ նրանք կարողացել են քարոզչություն իրականացնել օտարալեզու ժողովուրդների մեջ: Հայաստանում զանազան անուններով գործում են հիսունականների տարատեսակ խմբեր` Կյանքի խոսք, Ավետարանի հավատի քրիստոնյաներ եւ այլն: Հիսունականները չեն ընդունում քրիստոնեական եկեղեցու պաշտոնական ծեսերը, խաչը, սրբապատկերները:

Աղանդներից մյուսը Եհովայի վկաներն են կամ եհովականները: Սրանք ավելի ակտիվ են այսօր մեր երկրում ու “չխնայելով” իրենց, նույնիսկ կորցնելով որոշակի մարդկային բարոյական արժեքներ, “քարոզներ” են անում ամենուրեք` երթուղայիններում, բակերում, առեւտրի կենտրոններում, մարդկանց բնակարանների դռներից ու պատուհաններից կախված: Նրանք այսօր վարում են ակտիվ զոմբիացման գործընթաց եւ ռոբոտացնում են մարդկանց, ընդ որում այն մարդկանց, ովքեր գտնվում են սոցիալական, նյութական, հոգեկան անկայուն վիճակներում:

Այս պարագայում նրանք շատ արագ ազդում են իրենց “զոհերի”  հուզական վիճակի վրա, փորձում են իրենց առաջնորդների անիմաստ գաղափարներով կամ իրենց փոփոխած “Աստվածաշնչի” միջոցով մխիթարել այդ անմեղ մարդկանց եւ գցել ծուղակը: Իհարկե, հոգեբանական այդքան ընկճված մարդուն անհրաժեշտ է բավարար ուշադրություն եւ լավ վերաբերմունք, ինչը այդ պահին նա ստանում է “հոգատար” Եհովայի վկայից:

Այս մեթոդով աստիճանաբար սառեցնում են մարդու ուղեղը եւ դարձնում իրենց իսկ նման ռոբոտ, որոնք նույն ճանապարհը անցել են մեկ ուրիշի զոհը դառնալով: Այս աղանդը հիմնադրվել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում 1872-ին Չառլզ Ռասելի կողմից: Ընդունում են մեկ միասնական Աստծուն` միայն Եհովային, իսկ Քրիստոսին համարում են նրանից ծնված եւ նրա կամքը կատարող: Եհովականները չեն ընդունում սուրբ հոգուն իբրեւ Աստծու, մերժում են սուրբ խաչը, մկրտությունը: Ըստ եհովականների` երկրի վրա է գտնվում սատանայի թագավորությունը, եւ Եհովայի ու սատանայի ճակատամարտի հետեւանքով մարդկությունը կկործանվի իսկ եհովականները կմնան, եւ երկրի վրա կհաստատվի Աստծու թագավորությունը:

“ Իհարկե, այս ամենը խեղկատակություն է, սակայն ոչ բոլորս ենք գիտակցում դա եւ, ցավոք, բռնում ենք մոլորության ուղին: Հետեւաբար պետք է լինել աչալուրջ եւ տեղեկացված, թույլ չտալ ոչ մի աղանդավորական շարժման ներթափանցումն ու տարածումը”,-եզրափակում է “Ազգ”-ը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ