18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Էդվարդ Նալբանդյանը 14 երկկողմ հանդիպումներ է ունեցել Շարմ էլ-Շեյխում

Մայիսի 9-10-ը Եգիպտոսի Շարմ էլ-Շեյխ քաղաքում կայացած Չմիավորված երկրների շարժման անդամ պետությունների արտգործնախարարների հանդիպման շրջանակներում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը տասնչորս հանդիպում ունեցավ տարբեր երկրներից իր գործընկերների հետ:

Էդվարդ Նալբանդյանի եւ Եգիպտոսի արտգործնախարար Մուհամադ Ամրի հետ հանդիպման ժամանակ անդրադարձ կատարվեց հայ-եգիպտական փոխգործակցության առավել ամրապնդման եւ ընդլայնման նպատակով ձեռնարկվելիք քայլերին: Զրույցին մտքեր փոխանակվեցին ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի շուրջ: Այս առումով Եգիպտոսի ԱԳ նախարարը նշեց, որ իր երկիրը սատարում է միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա հիմնախնդրի` բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորմանը:

Շարմ էլ-Շեյխում Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Լիբանանի արտգործնախարար Անսար Մանսուրի հետ: Նախարարների հանդիպման օրակարգում էր անցյալ տարեվերջին Լիբանանի նախագահի` Երեւան այցելության ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները, ինչպես նաեւ ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը: Զրուցակիցներն անդրադարձան նաեւ միջազգային կազմակերպություններում համագործակցության հարցերին:

Էդվարդ Նալբանդյանի օրակարգում էր Պաղեստինի արտգործնախարար Ռիյադ ալ-Մալիքի հետ հանդիպումը, որի ժամանակ մտքեր փոխանակվեցին հայ-պաղեստինյան հարաբերությունները զարգացման ուղիների շուրջ: Նախարար ալ-Մալիքին վերահաստատեց Հայաստան այցելելու իր մտադրությունը:

Համաժողովի շրջանակներում նախարար Նալբանդյանը հանդիպեց Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհիի հետ: Զրուցակիցները քննարկում ունեցան տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի խնդիրների շուրջ:

Կամերունի ԱԳ նախարար Պյեռ Մբոնջոյի հետ հանդիպման ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց համատեղության կարգով դեսպաններ հավատարմագրել միմյանց մայրաքաղաքներում եւ ուսումնասիրել երկկողմ հարաբերությունների զարգացման, իրավապայմանագրային դաշտի ձեւավորման ուղիները, ընդլայնել համագործակցությունը միջազգային կազմակերպությունների, մասնավորապես ՄԱԿ-ի եւ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում:

Էդվարդ Նալբանդյանի եւ Ինդոնեզիայի ԱԳ նախարար Մարտի Նատալեվայի հետ հանդիպման ժամանակ քննարկվեցին արտգործնախարարությունների միջեւ խորհրդակցությունների անցկացման, տնտեսական համագործակցությունը խթանելու նպատակով իրավապայմանագրային դաշտի ձեւավորման հարցերը:  Նախարար Նալբանդյանն իր ինդոնեզացի գործընկերոջը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Այդ առումով Մարտի Նատալեվան ընդգծեց, որ Ինդոնեզիան մշտապես սատարել է բոլոր վիճելի հարցերի բանակցային խաղաղ կարգավորմանը, եւ գտնում է, որ առկա հիմնախնդիրները պետք է լուծում ստանան միջազգային իրավունքի դրույթների հիման վրա:

Միջազգային կազմակերպություններում համագործակցության հարցերին էր նվիրված Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի եւ Նոր Զելանդիայի ԱԳ նախարար Մյուռեյ ՄքՔալիի հանդիպումը: Երկկողմ հարաբերություններին խթան հաղորդելու  նպատակով նախարար ՄքՔալին իր հայաստանյան գործընկերոջը հրավիրեց այցելել Վելինգտոն:

Էդվարդ Նալբանդյանի հաջորդ հանդիպումն Իրաքի իր գործընկեր Հոշիար Զեբարիի հետ էր: Նախարարների զրույցի ընթացքում արծարծվեցին երկու երկրների քաղաքական երկխոսության ակտիվացման, տնտեսական փոխգործակցության խթանման հարցերը: Իրաքի արտգործնախարարը, գոհունակություն հայտնելով երկկողմ հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ Բաղդադում ՀՀ դեսպանության գործունեության վերաբերյալ,  վերահաստատեց իրաքյան կառավարության որոշումը Երեւանում դեսպանություն հիմնելու մասին:

Մյանմարի ԱԳ նախարար Ուննա Մոնգ Լվինի հետ Էդվարդ Նալբանդյանի հանդիպման հիմնական քննակման առարկան էր երկու երկրների միջեւ հարաբերությունների ձեւավորումը: Նախարարները պայմանավորվեցին սկսել  դիվանագիտական հարաբերությունների հաստատման գործընթացը: Մյանմարի ԱԳ նախարարն ասաց, որ հայերի ներկայությունն իր երկրում մի քանի հարյուրամյակների պատմություն ունի եւ դա լավ հիմքեր է ստեղծում երկու երկրների հարաբերությունների զարգացման համար:

Էդվարդ Նալբանդյանի խնդրանքով Մյանմարի ԱԳ նախարարը ներկայացրեց իր երկրում տեղի ունեցող զարգացումները, ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը:

Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ նաեւ Թունիսի արտգործնախարար Ռաֆիկ Աբդեսալեմի հետ: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին քաղաքական երկխոսության ակտիվացման, արտգործնախարարությունների միջեւ խորհրդատվությունների անցկացման, իրավապայմանագրային դաշտի ձեւավորման, տուրիզմի բնագավառում համագործակցության, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման շուրջ:

Էդվարդ Նալբանդյանի եւ Եմենի ԱԳ նախարար Աբուբաքր Աբդուլա Ալ-Քիբրիի հետ մանրամասն քննարկումներ ծավալվեցին Միջին Արեւելքում ընթացող գործընթացների շուրջ: Եմենի արտգործնախարարը ներկայացրեց իր երկրում ընթացող բարեփոխումների գործընթացը:

Շարմ էլ-Շեյխում Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Ավստրալիայի վարչապետի հատուկ բանագնաց Ջոաննա Հեւիթին: Զրուցակիցներն անդրադարձան հայ-ավստրալական հարաբերությունների զարգացման ուղիներին եւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանը:

Կուբայի արտգործնախարար Բրունո Էդուարդո Ռոդրիգես Պարիլյայի հետ Էդվարդ Նալբանդյանի հանդիպման ընթացքում երկուստեք կարեւորվեց համագործակցության խթանման նպատակով գործնական քայլերի իրականացումը, մտքեր փոխանակվեցին տարածաշրջանային հարցերի շուրջ:

Զամբիայի ԱԳ նախարար Գիվեն Լուբինդայի ու Էդվարդ Նալբանդյանի զրույցի ընթացքում անդրադարձ արվեց երկկողմ հարաբերությունների խթանման հարցերին, ինչպես նաեւ Աֆրիկյան մայրցամաքում ընթացող գործընթացներին:

Մայիսի 10-ի երեկոյան Էդվարդ Նալբանդյանը Շարմ էլ-Շեյխից մեկնեց Կահիրե, ուր հանդիպում ունեցավ եգիպտահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ժամանակ Հայաստանի նախարարը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության բնագավառի վերջին զարգացումները, Հայրենիքում իրականացվող բարեփոխումները, անցյալ շաբաթ կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ