Օսկանյանի հարցի պատասխանը տվեց Լեւոն Զուրաբյանը
Այսօր միասնական շտաբի ամփոփիչ նիստին գնահատելով մայիսի վեցին կայացած ԱԺ ընտրությունները, ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանն անդրադարձավ ընտրությունների ընթացքում տեղ գտած, ինչպես ինքը ձեւակերպեց, կեղծիքների նորարարությանը:
Նա հայտարարեց, որ բոլոր տեսակի կեղծիքներին ծանոթ ենք, բայց այս մեկը երեք բաղադրամաս ունի` ուռճացված ցուցակները, ցնդող կնիքները եւ առավոտյան շուտ աննախադեպ զանգվածային քվեարկությունները:
Վարդան Օսկանյանն ասաց, որ ցնդող կնիքների հետ կապված ԲՀԿ-ն դեռ ԱԺ նախագահին կից մոնիտորինգի հանձնաժողովում հարցը բարձրացրել է եւ պահանջել, որ անպայման փորձարկում լինի: “Վերջում դա չարվեց հենց մոնիտորինգում եւ հետո ԿԸՀ նախագահն այդ բոլորն անվանեց ուղղակի զառանցանք”,-ասաց Վարդան Օսկանյանը եւ հավելեց.”Մենք ահազանգեցինք ուռճացված ցուցկաների մասին, ոչ ոք չի կասկածում, որ այդ ցուցակները մի քանի հարյուր հազարով ուռճացված են’’:
Վարդան Օսկանյանի խոսքով, առավոտյան ժամը յոթն անց կեսի դրությամբ հայտարարվեց ընտրողների աննախադեպ ակտիվության մասին, ինչը եւս խոսում է ընտրակեղծիքների եւ բազմակի քվեարկությունների մասին: Նրա հավաստիացմամբ, այս ամենը արտացոլվել է քվեարկության ընթացքում.” Երբ քվերենրն են հաշվել, պարզվել է, որ ներքեւի մասի քաղաքական ուժերի հարաբերակցությունը կապ չունի վերեւի մասի հարաբերակցության հետ”:
Օսկանյանի խոսքով, ասվածի լավագույն ապացույցն այն արդյունքն էր, որը ներկայացվեց:
Իր դիտարկումներն ավարտելուց հետո Վարդան Օսկանյանը հարց հնչեցրեց.”Այս բոլորի հետեւում ինչ որ պետական ծրագիր կա՞ ր թե՞ ոչ”: Օսկանյանի հարցին պատասխանեց ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը.”Սա պետականորեն կազմակերպված հանցագործություն է, որում օգտագործվել է ժողովրդի զգալի մասը”:
ՀԱԿ համակարգողը ներկայացնելով ընտրողների իր հաշվարկները, հայտարարեց, որ ընտրություններին իրականում մասնակցել է ընտրողների ընդանը քառասուն տոկոսը, մյուս մասը, նրա համոզմամբ բազմակի քվեարկողներն են:
Զուրաբյանը հայտարարեց, որ ընտրությունների ընթացքում զանգվածային պետականորեն կազմակերպված ընտրակաշառք է բաժանվել: “Սա միայն ընտրակաշառք չէ, իրականում գործել է մտրակի եւ բլիթի քաղաքականությունը, ընտրակաշառք բաժանելը ուղղորդվել է սպառնալիքներով”: Նրա խոսքով, միլպետներն ու պետական պաշտոնյաները սպառնացել են ընտրանիքներին վնաս հասցնել, եթե նրանք կաշառքը վերցնելուց հետո չընտրեն իրենց ցանկացած քաղաքական ուժին: ՀԱԿ համակարգողի խոսքով, կիրառվել է կարուսելի հայտնի մեխանիզմը, քաղաքացիներին կոնկրետ գույների գրիչներ են բաժանվել կամ ուղղակի տեղի է ունեցել բաց քվեարկություն:
Զուրաբյանը հայտարարեց, որ այսօր երկրում գործում է ընտրակաշառքների բաժանման ցանց:
ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանը եւս կիսեց գործընկերների դիտարկումները: “Այն, ինչ մենք հայտարարում էինք մինչեւ հիմա, թե ինչ արատավոր վիճակում է գտնվում մեր հասարակությունն ու պետությունը, ստացանք այս ընտրությունների ընթացքում”,-ասաց նա ու հավելեց, որ այսօր Հայաստանում կուսակցությունը, պետությունը եւ իշխանությունը նույնացած են:
ՀՅԴ ներկայացուցիչը եւս հայտարարեց, որ Հայաստանում ընտրակեղծիքների մեքենա է գործում: Նա նշեց, որ ՀՅԴ-ի արձանագրած կեղծիքների փաստերը տրամադրվել են ՀԱԿ-ին, որը դիմել է ՍԴ: Արմեն Ռուստամյանը չասաց, թե հետագա քայլերն ինչպիսին կլինեն:
“Հետագա քայլերն ամեն մեկն իր համար կորոշի: Մենք հայտարարում ենք, որ իշխանությունների վերարտադրման համար գործում է ընտրական արատավոր համակարգ, որի դեմ մենք պայքարելու ենք”,-եզրափակեց ՀՅԴ ներկայացուցիչը: