Նոր կոալիցիա. ՀԱԿ-ը պրծա՞վ
“Հանրապետություն” կուսակցության ղեկավար Արամ Զ. Սարգսյանի այսօր հնչած հայտարարությունը` պատգամավորական մանդատը վայր դնելու մասին, ունեցել է երկու տարբերակ. մեկը համեմատաբար մեղմ. այն է` քանի որ ուժերի հարաբերակցությունը պառլամենտում որեւէ խնդիր չի լուծում, ինքը վայր է դնում մանդատը: Եւ մյուսը` համեմատաբար կոշտ-քննադատականը, որն այսօր հնչեց:
Henaran.am-ի հավաստի տեղեկություններով, մեկ շաբաթից` “Հանրապետություն” կուսակցությունը հաստատապես դուրս է գալու ՀԱԿ-ից` քաղխորհրդի որոշմամբ, առանց բարձր հայտարարությունների:
ՀԱԿ-ում չեն բացառում, որ այդ գործընթացը շղթայական բնույթ կկրի, եւ այնտեղից դուրս կգան Պետրոս Մակեյանի, Միքայել Հայրապետյանի, Սոս Գիմիշյանի, ինչպես նաեւ Հովհաննես Հովհաննիսյանի կուսակցությունները:
Ընդ որում, ՀԱԿ-ում գտնում են նաեւ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն ուղղակիորեն պետք է “համբուրի” Արամ Սարգսյանի ճակատն այն բանի համար, որ արդեն ինչքան ժամանակ իր հետ հակասություններ ունեցող, հանդուրժողականության “մաստեր-կլասներ” ցույց տվող Արամը, չնայած ՀԱԿ-ում առկա անհանդուրժողականության մթնոլորտին, ընտրությունների տակ այդ քայլը չարեց, սպասեց, մինչեւ ՀԱԿ-ը մտավ պառլամենտ, այլապես այդ յոթ տոկոսն էլ չէր ստանալու:
Փորձագետները չեն բացառում, որ Հայաստանում առաջիկայում կստեղծվի լուրջ արեւմտյան թեւ` ի դեմս “Ազատ դեմոկրատներ”-ի, “Ժառանգության” եւ “Հանրապետություն” կուսակցության: