Քոչարյանի “գործոնն” ու ՀՅԴ-ի ձախողումը /վիդեո/
Դաշնակցությունը ՀՀԿ-ի հետ կոալիցիա չի կազմի եւ ընտրություններին մասնակցել է` ամբողջական իշխանափոխության հասնելու ծրագրով: Այսօր միասնական շտաբի ամփոփիչ նիստին այս մասին հայտարարել է ՀՅԴ անդամ Արմեն Ռուստամյանը :
Արմեն Ռուստամյանը հայտարարել է, թե ՀՅԴ-ի` կոալիցիայից դուրս գալուց ի վեր կոալիցիա կազմելու բազմաթիվ առաջարկություններ են եղել:
Արմեն Ռուստամյանը նշեց, թե ժողովրդի զգալի հատվածը չգնահատեց քվեի ուժը: ՀՅԴ-ական գործիչը հայտարարեց, որ ԱԺ մանդատներ վերցնելն ու խորհրդարանական ուժ դառնալը չի նշանակում բացառել փողոցային պայքարը: “Ո ՞վ ասաց, որ եթե մտնում ենք ԱԺ, բացառում ենք փողոցը”,-նկատեց նա ու հավելեց, որ խորհրդարանական ու փողոցային պայքարը մեկը մյուսին լրացնելու են: “Մենք անելու ենք քայլեր թե խորհրդարանում եւ թե խորհրդարանից դուրս”,-ասաց Արմեն Ռուստամյանը:
Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ ՀՅԴ-ի համար մանդատների քանակը էական չի եւ այս իրավիճակն իրենց ավելի է համախմբում եւ թույլ է տալիս նախագահական ընտրություններին ընդառաջ վերադասավորվել եւ շտկել սխալները:
Henaran.am-ի դիտարկմանը, թե ՀՅԴ-ն համարվել է որպես կայուն ընտրազանգված ունեցող քաղաքական ուժ, սակայն այս ընտրություններին, ըստ էության ձախողվեց` զգալիորեն նվազեցնելով իր քվեները, արդյոք միայն ընտրակաշառքները թույլ չտվեցին ՀՅԴ-ին ստանալ այնքան ձայն, որքան ակնկալում էին, Արմեն Ռուստամյանը պատասխանեց.
“Հենց այդ կայուն ընտրազանգվածն է, որ մեր կողքին մնաց եւ չգայթակղվեց 5000-ից մինչեւ 40000 ընտրակաշառքի, հենց այդ ընտրազանգվածի մի մասն է, որ դժբախտաբար արտագաղթի ժամանակ պակասել է”:
Արմեն Ռուստամյանը Henaran.am-ի խնդրանքով մեկնաբանեց նաեւ ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանի այն դիտարկումը, թե ՀՅԴ-ի ստացած քվեներն այս խորհրդարանական ընտրություններին պայմանավորված են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործոնով եւ այն փաստով, որ մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններն առաջինն էին ՀՅԴ-ի համար, որին քաղաքական ուժը մասնակցում էր առանց Ռոբերտ Քոչարյանի գործոնի:
Արմեն Ռուստամյանի մեկնաբանությունը` կից տեսանյութում: