Ազգային ժողովում կոալիցիան կլինի նույն կազմով. Ռիչարդ Կիրակոսյան
Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ մայիսի 6-ին կայացած ՀՀ խորհրդարանական ընտրություններին: Վերլուծաբանի կարծիքով` Ազգային ժողովում կոալիցիան կլինի նույն կազմով:
Կիրակոսյանը նշեց, որ “Բարգավաճ Հայաստան” կուսկացությունը կմիանա կոալիցիային, քանի որ կկարողանա այդպես օգտվել իշխանության լծակներից, եւ ընդդիմություն դառնալը կուսակցության համար դժվար կլինի, քանի որ այն ի սկզբանե եղել է իշխանական կուսակցություն:
Շարունակելով խոսել ԲՀԿ-ից` վերլուծաբանը նշեց, որ թեեւ այդ կուսակցությունում շատ են Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները, սակայն այն չի առաջնորդվում Քոչարյանի կողմից:
Կիրակոսյանը նկատեց, որ ուշագրավ է այն փաստը, թե որքան շատ են հետաքրքրվում Քոչարյանի` քաղաքականություն վերադառնալով, սակայն ինքը չի կարծում, որ նախկին նախագահն “անմիջականորեն կվերադառնա քաղաքականություն”:
Կոալիցիոն մյուս ուժին` “Օրինաց երկիր” կուսակցության մասին վերլուծաբանը միայն նշեց, որ “այն արժանի չէր այդքան ձայներ ստանալուն”: Ինչ վերաբերում է “Ժառանգություն” կուսակցությանը, ապա Ռիչարդ Կիրակոսյանը խոստովանեց, որ իր համար ցավալի կլինի, եթե այն ցանկացած տիպի համաձայնության գնա իշխանությունների հետ: