“Ժառանգության” ցուցակում տեղափոխություննե՞ր
“Զարուհի Փոստանջյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի միջեւ որեւէ տարաձայնություն չի եղել, Զարուհին եղել է թիմի անդամ եւ քարոզարշավին կուսակցության եւ թիմի օգտին ակտիվ քարոզարշավ է արել”,-այսօր Henaran.am-ին ասել է “Ժառանգության” ներկայացուցիչ, գործող խորհրդարանում կուսակցության խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը` մեկնաբանելով շրջանառվող այն տեղեկությունները, թե Զարուհի Փոստանջյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի միջեւ տարաձայնությունների պատճառով հնարավոր է, որ Զարուհի Փոստանջյանը վայր դնի պատգամավորական մանդատը:
Հիշեցնենք, որ մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքով “Ժառանգությունը” հաղթահարեց 5 տոկոսի շեմը, սակայն կուսակցության դեմքերը, բացառությամբ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ համամասնական ցուցակի 3-րդ հորիզոնականում գտնվող Զարուհի Փոստանջյանի, խորհրդարան մտնելու հնարավորությունից զրկվեցին, քանի որ մեծամասնական ընտրակարգով հաղթեցին նրանց մրցակիցները, իսկ համամասնական ցուցակում գտնվում են ավելի հետին հորիզոնականներում:
Henaran.am-ի ճշտող հարցին, թե հնարավո՞ր է, որ Զարուհի Փոստանջյանն, այդուհանդերձ, հրաժարվի մանդատից, գուցե հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս պահի դրությամբ “Ժառանգության” հին դեմքերից միայն ինքն է ներկայացված լինելու նոր խորհրդարանում, Ստյոպա Սաֆարյանը պատասխանեց.
”Ցուցակում տեղափոխությունները չեմ կարող բացառել, ոչ էլ կարող եմ ասել, որ այդպես է լինելու: “Ժառանգությունը”, կարծում եմ, դեռ ժամանակ ունի քննարկելու եւ նոր որոշումներ կայացնելու, համենայն դեպս, այս պահի դրությամբ, որեւէ այլ տեղեկություն չկա եւ չեմ կարող ասել, թե ցուցակից ովքեր կվերցնեն մանդատ”:
Մեր դիտարկմանը, թե ասվածն արդյո՞ք նշանակում է, որ ապագա խորհրդարանում “Ժառանգություն” խմբակցությունը չի լինի ցուցակի առաջին հնգյակի կազմով, Ստյոպա Սաֆարյանը պատասխանեց.”Այս պահի դրությամբ մենք ունենք վեց տոկոսին մոտ արդյունք, ըստ տեղեկությունների, ունենք 5 անցողիկ թեկնածու եւ ոչ ավելին: Ավելիի մասին կիմանաք առաջիկա օրերին: Թե ինչ կլինի այս օրերի ընթացքում, ոչ ոք չի կարող վերջնականապես ասել: Րաֆֆի Հովհանիսյանն ինքը հանդես կգա եւ դուք կիմանաք”:
Մեր մյուս հարցին, թե հնարավո՞ր է, որ Րաֆֆի Հովհաննիսյանն ինքը հրաժարվի մանդատից, ասենք պարոն Սաֆարյանի օգտին, Ստյոպա Սաֆարյանն արձագանքեց.”Դրանք ընդամենը խոսակցություններ են, դրանց ավելի մեծ ուշադրություն դարձնել պետք չէ: Կուսակցության անունից հանդես կգա Րաֆֆի Հովհաննիսյանը եւ կհայտնի “Ժառանգություն” կուսակցության ընդունած բոլոր որոշումների մասին”:
Ստյոպա Սաֆարյանն ասաց, որ “Ժառանգությունը” դեռեւս գտնվում է ԱԺ ընտրությունների արդյունքների ուսումնասիրման փուլում:
Հավելենք, որ “Ժառանգության” եւ “Ազատ դեմոկրատների” միասնական ցուցակի առաջին հորիզոնականն զբաղեցնում է Րաֆֆի Հովհաննիսյանը: Նրան հաջորդում են “Ազատ դեմոկրատներ”-ի նախագահ Խաչատուր Քոքոբելյանը, այնուհետ` ժառանգական Զարուհի Փոստանջյանը, “Ազատ դեմոկրատ” Ալիկ Արզումանյանը եւ Ռուբեն Հակոբյանը` “Ժառանգությունից”:
“Ժառանգության” ակտիվ պատգամավորներ Ստյոպա Սաֆարյանը, Անահիտ Բախշյանն ու Արմեն Մարտիրոսյանը համապատասխանաբար գտնվում են ցուցակի 8-րդ, 14-րդ եւ 16-րդ հորիզոնականներում: