26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Թուրք-ադրբեջանամետ նախագիծը Շվեդական խորհրդարանում տապալվեց

Ազգությամբ թուրք պատգամավոր Մեհմետ Քափլանը մեկ տարի է, որ եռանդով աշխատում է  Շվեդիայի խորհրդարանում առաջ քաշել Ղարաբաղյան հակամարտության կապակցությամբ Ադրբեջանի պաշտոնական տեսակետները` ծառայություն մատուցելով Բաքվի իշխանություններին: Նախագիծը առանձին անհատի կողմից նախաձեռնություն լինելով, իր կողմնակալ բովանդակության պատճառով, հասկանալիորեն չէր պաշտպանվում նույնիսկ հեղինակի պատկանած` Կանաչների կուսակցության կողմից:

2012-ի մարտին, շվեդական խորհրդարանի արտաքին հարցերի հանձնաժողովը բացասաբար էր վերաբերվել նշյալ նախաձեռնությանը եւ առաջարկել էր, որ պալատը մերժի ներկայացված նախագիծը` վերջ տալով քննարկումներին:

Դեռեւս անցյալ տարվա հոկտեմբերին, “Արմենպրես”-ին տված իր հարցազրույցում, Եվրոպայի հայերի համագումարի (ԵՀՀ) նախագահ Կարո Հակոբյանն ընդգծել էր. “Ամենայն հավանականությամբ բանաձեւի նախագիծը կմերժվի, քանի որ արդեն իսկ ակնհայտ է`  շվեդ խորհրդարանականների շրջանակներում այն որեւէ հետաքրքրություն չի առաջացրել”: Նույն հարցազրույցում նա ավելացրել էր. “Նմանատիպ նախաձեռնությամբ, 2009-ին, Շվեդիայի խորհրդարանում հանդես էր եկել ադրբեջանամետ իր դիրքորոշմամբ հայտնի պատգամավոր Գորան Լինդբլանդը, ով այն ժամանակ իշխող կուսակցության ներկայացուցիչն էր, ինչպես նաեւ Եվրոպական խորհրդարանի պատգամավոր եւ որը շատ ավելի ազդեցիկ էր, քան Մ. Քափլանը: Նրա նախաձեռնությունը պառլամենտի կողմից մերժվեց` պատճառաբանվելով, որ արդեն իսկ գոյություն ունի ԵԱՀԿ Մինսկի խումբը, եւ վերջինս է, որ զբաղվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացով”:

Եվ ահա մայիսի 9-ի խորհրդարանի համառոտ քննարկումը եւ համապատասխան որոշումը եկավ վերջնականապես սառը ջուր լցնելու Մեհմետ Քափլանի նախաձեռնության վրա: Նախագիծը բաղկացած էր չորս առանձին, բայց միմյանց առնչվող կետերից.

Շվեդիան հետամուտ կլինի, որ ՄԱԿ-ի, Եվրամիության եւ այլ միջազգային կառույցներում Ղարաբաղյան հակամարտությունը վերածվի առաջնահերթ խնդրի:

Հայկական ուժերը անհապաղ եւ առանց որեւէ պայմանի դուրս բերվեն ադրբեջանական տարածքներից:

Ղարաբաղի հայ փոքրամասնությանը տրվի անվտանգության  եւ ինքնավարության երաշխիքներ` Ադրբեջանի տարածքում:

Ղարաբաղում հայերի եւ ազերիների միջեւ ստեղծել համերաշխության պայմաններ:

Քափլանը, նույնպես, առաջ էր քաշում ադրբեջանական ծանոթ տեսակետները, ինչպես`  “Ադրբեջանի տարածքի 20%-ի բռնագրավումը”, “հայկական բանակի անօրեն գործողությունները, գրաված տարածքներում դիրքերի ամրապնդումը” եւ Խոջալուի դեպքերը, որ ճանաչվել է Մեքսիկայի կողմից եւ այլն:

Նախագծին, որպես ընդիմախոս` պատասխանել են, «Ժողովրդական կուսակցության» (Folkpartiet) ներկայացուցիչ՝ Էրիք Մալմը, ով քննադատելով նախագծի կողմնակալությունը, ընդգծել է, որ նախագծում խոսք անգամ չկա Մինսկի խմբի գոյության մասին: Նա բացատրել է, Ղարաբաղյան հարցի բուն էությունը` նշելով պատմական անցյալը, ընդգծելով Սումգայիթի եղեռնագործությունը, Ղարաբաղի հայության Ադրբեջանի հակաժողովրդական տիրապետությունից անկախ ապրելու ցանկությունը եւ պայքարը, որոնց դեմ Բաքվի իշխանությունները դիմել են բիրտ ուժի գործածության, որը սկիզբ է դրել հետագա պատերազմական գործողություններին:

Էրիք Մալմը անդրադարձել է նաեւ Ադրբեջանի կողմից պատերազմ վերսկսելու հերթական ռազմատենչ հայտարարություններին, սպառազինության մեծածավալ ծախսերին, որը գրեթե հավասար է ՀՀ ամբողջ բյուջեին:

Շվեդական Պալատը նկատի առնելով արտաքին հանձնաժողովի առաջարկությունը ու նաեւ Մինսկի խմբի արդեն իսկ գոյություն ունեցող եւ միջազգային մասշտաբով աշխատող մեխանիզմը, որը զբաղվում է այս հարցով` մերժեց առաջարկված չորս կետերը եւ հարցը փակված համարվեց:

Թեեւ տապալվել է Ղարաբաղի հայության ազատ, անվտանգ եւ ինքնորաշված ապրելու դեմ Շվեդիայում նախաձեռնված այս ոտնձգությունը, սակայն Ադրբեջանա-թուրքական լայնածավալ եւ հետեւողական գործունեությանը դիմակայելու եւ չեզոքացնելու համար, կենսական են Սփյուռքի եւ Հայաստանի համատեղ եւ ծրագրային գործունեությունը, ինչի մասին Եվրոպայի Հայերի Համագումարը մանավանդ վերջին մեկ տարվա ընթացքում հադես է եկել բազմաթիվ կոչերով:

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ