Հայոց արծիվները կրկնապատկելու են
Մայիսի 9-ից, ըստ “Հայոց արծիվներ” հայրենասիրական ՀԿ-ի նախագահ Խաչիկ Ասրյանի, կազմակերպությունը սկսել է հաղթական այցելությունների շարքը: Չնայած 2012 թվականը հայտարարված է Ազգային Բանակի տարի եւ մինչեւ տարեվերջ միջոցառումները կշարունակվեն, այնուամենայնիվ` մայիսին դրանց քանակը կկրկնապատկվի: Հաղթանակի օրվա կապակցությամբ Արծիվները եղան ՊՆ 5-րդ բանակային կորպուսում:
“Միշտ գիտակցեք հորինված ադրբեջանցիների ղեկավարների կողմից ամենօրյա հնչվող ռազմատենչ հայտարարությունների վտանգը, միաժամանակ գիտակցելով նաեւ նրանց պարտվողական հոգեբանությունը: Միշտ գիտակցեք հայ զինվորի, հայ սպայի մարտունակ ոգին, հաղթանակած ոգին, արցախյան փառավոր հերոսամարտը, միշտ գիտակցեք նահատակված հերոսների շիրիմների առջեւ խոնարհվելու անհրաժեշտությունը եւ գիտակցելով միշտ համախմբվեք միասնության տանիքի տակ:
Իսկ միասնության տանիքը Ազգային Բանակն է, հայոց Նախագահն է, Հայաստանի Հանրապետությունն է: Միշտ իմացեք, որ դուք անընդհատ գտնվել եւ գտնվում եք հայոց նախագահ, Գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի անմիջական ուշադրության կենտրոնում”,-շնորհավորելով` զինծառայողներին մասնավորապես ասաց գլխավոր Արծիվ Խաչիկ Ասրյանը:
Ի դեպ, տոնն առանց նվերի չի լինում, եւ “Լեռնահայաստանի արծիվ” ոսկյա հուշամեդալով պարգեւատրվեցին զորամասերի սպաներ: Թանկարժեք իրային նվերներ` ձեռքի ժամացույցներ ստացան զորամասերի 60-ից ավել զինծառայողներ: