Ո՞վ կղեկավարի Ազգային ժողովը եւ ինչպիսի՞ն կլինի ՀՀԿ խմբակցությունը նոր խորհրդարանում
“ՀՀԿ-ն այս փուլում քարոզարշավի հետ կապված ամփոփիչ վերլուծություններ է անում, կորոշվի նաեւ առաջիկա հինգ տարիների ռազմավարությունը:
Սրանից հետո միայն հնարավոր կլինի մտածել գործիքների եւ դերակատարների մասին”,-այսօր Henaran.am-ի հետ զրույցում ասել է ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը` անդրադառնալով ապագա կառավարության կազմի մասին հարցին:
Ինչ վերաբերվում է նորընտիր խորհրդարանում ՀՀԿ խմբակցությանը, Գալուստ Սահակյանի խոսքով, կուսակցության համամասնական ցուցակում ինքնաբացարկներ կլինեն. “Ցուցակը կկազմավորվի համաձայն այն սցենարների, որոնք կորդեգրի “Հանրապետական”-ը առաջիկա հինգ տարիների համար”:
Գալուստ Սահակյանի խոսքով, այն պատգամավորները, որոնք եղել են գործող խորհրդարանում, հիմնականում կշարունակեն աշխատել նաեւ նորընտիր խորհրդարանում: Անշուշտ, կլինեն նաեւ երիտասարդ դեմքեր, որոնք, Գալուստ Սահակյանի խոսքով, արդեն հանրությանը հայտնի են:
Մեր հարցին, թե կշարունակի՞ արդյոք Գալուստ Սահակյանն զբաղեցնել ՀՀԿ խմբակցության ղեկավարի պաշտոնը, ՀՀԿ փոխնախագահը պատասխանեց.”Ես իմ դերակատարումը կունենամ այնպես, ինչպես ունեցել եմ այս տարիների ընթացքում: Խոսքը միայն խմբակցությանը չի կարող վերաբերել, որովհետեւ պատգամավոր լինելը եւ խմբակցության ղեկավար լինելը քաղաքական գործիչի համար լրացուցիչ մեկնարկ է եւ ոչ հիմնական”,-Henaran.am-ին ասաց Գալուստ Սահակյանը:
Հարցին, թե քննարկվե՞լ է արդյոք ԱԺ նախագահի հարցը, ՀՀԿ փոխնախագահը պատասխանեց.”Դա հայտնի կլինի, երբ մենք մեր քննարկումները կավարտենք, եւ ըստ այդմ, էլ կանցնենք կադրերին: Այսօր տարբեր խոսակցություններ են գնում կոալիցիա կլինի, թե ոչ, ովքեր կլինեն կոալիցիայի մեջ, եթե լինի` ի՞նչ ռազմավարություն կունենա, արդյո՞ք կոալիցիայի անհրաժեշտություն կա, թե լոկ համաձայնությունների: Այս բոլոր վերլուծություններից հետո, բնականաբար, խոսքը կվերաբերվի նաեւ խորհրդարանի եւ նախագահին, եւ տեղակալներին եւ հանձնաժողովների նախագահներին”:
Գալուստ Սահակյանը հավելեց, որ մինչեւ մայիսի 20-ը որոշակիություն կմտցվի հարցում: