Բադեյանը արմատական ընդդիմության յոթ տոկոսը համարում է զրոյական արդյունք
ՀՀԿ-ն ի զորու չէ իրականացնել այն խոստումները, որոնք տվել է: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց “Ազատ դեմոկրատներ”-ի փոխնախագահ Անուշ Սեդրակյանը: Նա հայտարարեց, որ ՀՀԿ-ն տապալել է մի շարք ծրագրեր:
“Ինձ հետաքրքիր է, ցանկացած մեծամասնություն, ինչ ճանապարհով էլ որ եկած լինի իշխանության, հնարավոր է, որ Հայաստանի խնդիրները լուծվեն առանց հանրային հաջողության”,-ասաց նա ու հավելեց, թե երկրի հասարակական , սոցիալ-տնտեսական եւ մյուս ոլորտներում այնքան չլուծված խնդիրներ կան, որ “ինքնահռչակ” մեկ ուժն ի զորու չէ դա լուծելու:
ՀՀԿ-ի հաղթանակը Անուշ Սեդրակյանը “պյուրոսյան” բնորոշեց ու հայտարարեց , թե քաղաքական ուժը հաղթում է, եթե ունի հանրային աջակցություն: “Այս ընտրական գործընթացը չէր արտացոլում հանրության աջակցությունը, ապահովում էր հանրության համակերպվածությունը”,-նկատեց Անուշ Սեդրակյանը: Նա նշեց, որ երբ կոալիցիոն ուժը կարող է մերձենալ արմատական ընդդիմություն համարվող ուժի հետ, նշանակում է , որ հասարակությունը կորցրել է իր գաղափարախոսությունը:
Ասուլիսի մյուս բանախոսը ՀՀԿ-ական Մանվել Բադեյանը Անուշ Սեդրակյանի գնահատականները էմոցիոնալ բնութագրեց ու նկատեց, որ հանրության անունից խոսել նա չի կարող: Այս ընտրությունները, Մանվել Բադեյանի խոսքով` նոր որակ տվեցին, առանձնացան մաքրությամբ եւ թափանցիկությամբ:
ՀՀԿ-ական պատգամավորն ասաց, որ արմատական ընդդիմությանը չի հետաքրքրում, թե ընտրությունները որքանով են ազատ եւ անկախ, նրանց, Բադեյանի խոսքով, հետաքրքրում է միայն գնահատականը: “Ցանկացած ընտրության ելքը նյրանք պետք է չճանաչեն, էդ մարդիկ հանրության կարծիքը չեն ճանաչել նույնիսկ այն ժամանակ , երբ իշխանության գլխին են եղել:
Հիշում ենք այն խոսքերը, թե ուզում է հարյուր տոկոսը դեմ լինի, Տեր-Պետրոսյանը նախագահ է լինելու: Նրանց հետաքրքրում է միայն հնարավորությունը` ապակայունացում մտցնելու հանրության մեջ, որ իրենք երեւան”:
Բադեյանը ՀԱԿ-ի յոթ տոկոսը համարեց զրոյական արդյունք ու նշեց, որ դա ավելի շատ տեխնոլոգիաների արդյունքն էր: Մանվել Բադեյանը նշեց , որ ավելի ունակ ուժ, որը կարող է լուծել երկրի առջեւ ծառացած խծնդիրները , ինքը չի տեսնում, իսկ ի զորու է, թե ոչ ՀՀԿ-ն, ցույց կտա ժամանակը:
Անուշ Սեդրակյանը հակադարձեց` նշելով, որ հայ հասարակությունն այսօր վերածվել է պասիվ, ապատիկ հասարակության: Նրա խոսքով, ընտրություները որակվում են քայլ առաջ այն առումով, որ ականատես չենք եղել, օրինակ, տուփ փախցնելուն: Անուշ Սեդրակյանի համոզմամբ, այս ամենը չի նշանակում , որ տեղի են ունեցել ազատ ու արդար ընտրություններ:
Բադեյանը կրկին հակադարձելով ընդդիմախոսին, նշեց, որ հասարակության ապատիայի մասին խոսք լինել չի կարող, ինչը վկայում է ընտրություններին քաղաքացիների ակտիվության մակարդակը: