“Դե ֆակտո” խորհրդարանի համար “Ժառանգությունը” “դե ֆակտո” որոշում կկայացնի
“Պետք չէ մասնավորեցնել: Ես ներկայացնում եմ “Ժառանգություն” կուսակցությունը, որը կոլեգիալ որոշումների կուսակցություն է ”,-այսօր Henaran.am-ի հետ զրույցում ասել է “Ժառանգության” գործող խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը` մեկնաբանելով իր ինքնաբացարկի հնարավորության մասին շրջանառվող տեղեկությունները:
Նա նշել է, որ “Ժառանգությունը” դեռ որոշում չունի եւ այն կկայացնի կուսակցության համագումարին:
Այսուհանդերձ, Զարուհի Փոստանջյանը չի բացառել “Ժառանգության” ցուցակում ինքնաբացարկների հնարավորությունը: “Քանի որ ընտրությունները կեղծվել են եւ դե ֆակտո խորհրդարան է ձեւավորվել, դե ֆակտո խորհրդարանում մենք նույնպես որոշելու ենք այն ձեւաչափը, որը ավելի է բխում ժողովրդի շահերից: Պետք է վերլուծենք եւ դա էլ անում ենք մեր կառույցների ու համակիրների հետ”,- Henaran.am-ին ասել է Զարուհի Փոստանջյանը:
Հիշեցնենք, որ մայիսի 6-ին կայացած ընտրություններին “Ժառանգություն”-ը եւ “Ազատ դեմոկրատներ”-ը միասնական համամասնական ցուցակով հաղթահարեցին 5 տոկոսի շեմը եւ ստացան 5 մանդատ: Կուսակցությունների միասնական ցուցակը գլխավորում է Րաֆֆի Հովհաննիսյանը, վերջինիս հաջորդում են Խաչատուր Քոքոբելյանը, Զարուհի Փոստանջյանը, Ալեքսանդր Արզումանյանը եւ Ռուբեն Հակոբյանը:
Հավելենք, որ “Ազատ դեմոկրատներ”-ի փոխնախագահ Անուշ Սեդրակյանը երեկ հայտարարեց, որ իրենց ցուցակում տեղաշարժեր չեն լինի, Խաչատուր Քոքոբելյանն ու Ալիկ Արզումանյանը կգնան նորընտիր խորհրդարան:
Նշենք նաեւ, որ այսօր “Ժառանգության” գրասենյակում նախատեսված էր կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումը լրագրողների հետ, որը չկայացավ: Փոխարենը, “Ժառանգությունը” տարածեց Րաֆֆի Հովհաննիսյանի հետընտրական հայտարարությունը, որտեղ ասվում էր, որ հունիսի 2-ին հրավիրվելու է ‘’Ժառանգության’’ համագումար, որտեղ համալիր քննարկումներից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը կներկայացնի ”Պետության վիճակի մասին” իր հանգամանալից գնահատականը եւ կտա բոլոր հարցերի պատասխանները: