ՕԵԿ-ում մանդատների “բազարները” շարունակվում են. հնաբնակները չեն զիջում
Թեեւ երեկ տարածվեց նորընտիր խորհրդարանում ՕԵԿ խմբակցության պատգամավորների անունները /Հեղինե Բիշարյան, Խաչիկ Հարությունյան, Մհեր Շահգելդյան, Իշխան Խաչատրյան, Սամվել Թադևոսյան, Կարեն Բոթոյան /, սակայն ՕԵԿ-ում մանդատների բաշխման շուրջ “բազարները” շարունակվում են: ՕԵԿ-ին մոտ կանգնած Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ, մասնավորապես, քննարկվում է Խաչիկ Հարությունյանի եւ Իշխան Խաչատրյանի ինքնաբացարկի եւ նրանց փոխարեն երիտասարդ ՕԵԿ-ականներին ԱԺ տանելու հարցը:
ՕԵԿ-ական հնաբնակները, սակայն, մեր ունեցած տեղեկություններով, որեւէ փաստաթուղթ չեն պատրաստվում ստորագրել, մինչեւ համարժեք փոխհատուցում չստանան:
Henaran.am-ի քաջատեղյակ աղբյուրի փոխանցմամբ, Իշխան Խաչատրյանն իր համար տեղ է ուզում գործադիրում, ընդ որում, միայն նախարարի պաշտոն, իսկ Խաչիկ Հարությունյանի աչքը Լոռու մարզպետի պաշտոնի վրա է: Խաչիկ Հարությունյանը, Լոռու մարզպետի պաշտոնը չազատվելու դեպքում, Արարատի մարզպետի հավակնություններ ունի: Նշենք, որ վերջինիս պաշտոնանկության մասին խոսակցություններ են շրջանառվում:
ՕԵԿ-ական հնաբնակներն իրենց պահանջները ներկայացրել են կուսակցության նախագահին: Արթուր Բաղդասարյանը մեր, աղբյուրի փոխանցմամբ, հորդորել է կուսակցիներին դադարեցնել “բազարները”:
“Նման բան չկա, նման խոսակցություններ չկան, ուղղակի: Կամ թյուրիմացություն է կամ սխալ լուրեր են տարածում: Ես բացարձակապես չեմ պատրաստվում մանդատից հրաժարվել , ոչ մի դեպքում նման բան չի կարող լինել”,-մեկնաբանելով տեղեկությունները, Henaran.am-ին ասել է Խաչիկ Հարությունյանը:
Նա հավաստիացրել է, որ ինքնաբացարկների հարց ՕԵԿ-ում չի քննարկվել: “Մենք երեկ հայտարարություն ենք տարածել, թե ովքեր են գնում խորհրդարան: Մեր խմբակցության կազմն արդեն հայտնի է”,-ասել է նա եւ հավաստիացրել, որ այդ հայտարարությունը վերջնական է.”Հո՞ ամեն օր հայտարարություն չենք անելու”:
Henaran.am-ի դիտարկմանը, թե ՕԵԿ համամասնական ցուցակն էլ նախապես այլ հերթականությամբ հրապարակվեց, երբ Արթուր Բաղդասարյանը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում բեմ հրավիրեց թեկնածուներին, իսկ հետո այլ ցանկ հաստատվեց, Խաչիկ Հարությունյանն ասաց.”Բեմ հրավիրելը չի նշանակում, թե ցուցակի հաջորդականությունը դրանով որոշվեց”:
Խաչիկ Հարությունյանն ասաց, որ այլ մարմիններում իրեն չի տեսնում.”Գնում ենք պառլամենտ, գնում ենք խորհրդարանական աշխատանքի”: